Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական առումով բավականին խոցելի պայմանավորվածություն է»

Ապրիլ 29,2024 14:00

Արմեն Վարդանյանը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

«Իրականում սա միջազգային նորմերին համապատասխան սահմանազատում եւ սահմանագծում դժվար է անվանել, քանի որ դա անելու համար պետությունների միջեւ պետք է դիվանագիտական  հարաբերություններ լինեն հաստատված։ Այս դեպքում նաեւ չկա հիմնարար փաստաթուղթը»,-«Առավոտի» փաստմանը՝ կան պնդումներ, որ սահմանազատմանը պետք է նախորդի համաձայնագիր, որի հիման վրա լինի այն, բայց քանի որ համաձայնագիր չկա, Տավուշում իրականացվող գործընթացն ապօրինի է, այսպես արձագանքեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Թեեւ ասում են, որ ԽՍՀՄ տոպոգրաֆիկ վերջին քարտեզների հիման վրա է դա արվում, բայց ըստ քաղաքագետի՝ դա էլ կարծես թե Ադրբեջանը գոնե պաշտոնական մակարդակում չի ընդունում որպես հիմք. «Կա հարցի մեկ այլ կողմ։ Սահմանագծում ու սահմանազատում պետք է արվի ամբողջ սահմանի երկայնքով, այլ ոչ թե ինչ-որ մի առանձին  հատված։ Սա հարցի իրավական մասն է։ Արդյոք, եթե գործընթացը տեղի ունենա, կա՞ երաշխիք, որ դրանից հետո ադրբեջանական բանակն ավելի մոտ դիրքերից չի ռմբակոծի Տավուշի մարզը եւ արդյոք դիրքային առավելություն ստանալուց հետո դա չի՞ օգտագործվի հետագայում մեր դեմ»։

Մեր հիշեցմանը՝ փորձագետների խմբի ներկայացուցիչներ, որոնք կողմ են այս գործընթացին, վստահեցնում են, «որ 2,5 գյուղերի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում՝ սահմանազատման սկզբունքի ճանաչում» եւ հարցին՝ դա իրո՞ք լուրջ խաղաքարտ է, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ն, ՌԴ-ն եւ Ադրբեջանը համաձայնվեցին՝ Պրահայում եւ Սանկտ Պետերբուրգում, որ շփման գծի հրադադարի խախտումները կանխող մեխանիզմներ ներդրվեին, հետագայում ՀՀ-ի իշխանությունների հետ բանակցությունների ժամանակ Ալիեւն ասաց՝ որեւէ ստորագրություն չի դրել այդ պայմանավորվածության տակ եւ չունի որեւէ պարտավորություն այդպիսի մեխանիզմներ տեղակայելու հարցում. այսինքն՝ հրաժարվել է  այդ պայմանավորվածություններից։ Հիմա էլ վստահ եմ, որ ապագայում հենց այդպիսի մի հնարքի էլ դիմելու է այս հարցում եւ ասելու՝ չկա որեւէ փաստաթուղթ, որ ես ստորագրել եմ, եւ սահմանի այդ մասում սահմանազատում ու սահմանագծում է իրականացվել։ Այսինքն՝ իրավական առումով բավականին խոցելի պայմանավորվածություն է։ Բոլորը ՀՀ-ում հասկանում են դա, որ Ալիեւի ազնիվ խոսքի վրա չպետք է հիմնվել, բայց որքան ես եմ հասկանում իշխանության ուղերձներից՝ իշխանությունը, գնահատելով մեր բանակի վիճակը, եկել է այն եզրակացության, որ չպետք է գնալ ռազմական բախման։ Ամենայն հավանականությամբ Ալիեւը բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին սպառնացել է, որ եթե չտրվեն այդ՝ այսպես կոչված չորս գյուղերը, դրանք վերցնելու է ռազմական ճանապարհով։ Իշխանությունն էլ հավանաբար գնահատելով մեր ռազմական վիճակը՝ փորձում է խուսափել պատերազմից եւ բավարարել Ալիեւին»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը զգուշացրել էր, որ փաստորեն՝ Կիրանցում կառուցվող նոր դպրոցը սահմանազատված հատվածից լինելու է 17 մետր հեռավորության վրա։ Հարցին՝ այս պայմաններում՝ անգամ եթե սահմանազատված է տարածքը, հնարավո՞ր է այդ տարածքում ապրել այն երաշխիքով, որ անվտանգ կյանք կունենաս, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարող է ինչ-որ մի փուլում կրակոցներ չլինեն, բայց քանի դեռ կոնֆլիկտը լուծված չէ, որեւէ երաշխիք չկա»։

Մեր փաստմանը՝ արդեն 25 սահմանային սյուն է տեղադրվել, ռուսական զորք չի լինելու Տավուշում, լինելու են սահմանապահներ. այս թեզերն առաջ տանելով իշխանությունը կկարողանա՞ իրեն քննադատողների մտահոգությունը փարատել՝ վստահեցնելով, թե ինքնիշխան ենք դառնում, քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե, ՀՀ-ում ինչքան ռուսական զորք քիչ լինի, այնքան լավ։ Բայց հավատացեք՝ Տավուշի մարզում գտնվող այդ փոքր հենակետը մեծ հաշվով ոչինչ չի փոխում։ Տնտեսական, ռազմական, էներգետիկ եւ բոլոր առումներով մենք պետք է կարողանանք թուլացնել ՌԴ-ից կախվածությունը։ Ուրախ եմ, որ այդ հենակետից ռուսները դուրս են գալու։ Սա միանշանակ մեր օգտին կլինի։ Մեզ որեւէ կերպ օգուտ չեն տալիս. նրանց ներկայությունը մեզ կարող է ապագայում վնասել»։

Դիտարկմանը՝ սահմանազատման գործընթացին համենայնդեպս դեմ չի արտահայտվել ՌԴ-ն՝ դատելով Մարիա Զախարովայի հայտարարություններից, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Այնքան էլ վստահ չեմ, որ ՌԴ-ն ուզում է՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ լինի սահմանազատված սահման, որովհետեւ դա նաեւ հետագայում կարող է իրենց համար խնդիրներ առաջացնել։ Նախկինում իրենք ՀԱՊԿ-ի անգործությունն արդարացնում էին նրանով, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանագծված չէ, դրա համար իրենք չեն կատարել իրենց պարտավորությունները։ Երկրորդ՝ իրենք հաջողությամբ կարողացել են այդ հանգամանքն օգտագործել ճնշումներ գործադրելու համար, Ադրբեջանի ռազմական սադրանքները ՀՀ-ի դեմ։ Կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն բավականին սինքրոն են աշխատում այդ հարցերում, այդ թվում նաեւ ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա կիրառելու հարցում։ Եվ այս չճշգրտված սահմանը պարարտ հող է ՀՀ-ի վրա այդպիսի ճշումները գործադրելու համար։ Իհարկե, պաշտոնական հայտարարությամբ Զախարովան ողջունել է այս գործընթացը, բայց վստահ չեմ, որ իրենք իրականում ուրախացած են»։

Իրականում, ըստ քաղաքագետի՝ որեւէ երաշխիք չկա, որ անգամ սահմանազատման այս գործընթացից հետո կլինի խաղաղություն։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանության ակնկալիքն այն է, որ այդ դեպքում միջազգայնորեն ՀՀ-ն պաշտպանված կլինի. «Ինչո՞ւ է Ալիեւը սկսել Տավուշից ու ոչ այլ մարզերից։ Արեւմուտքը հստակ ուղերձներ է տվել Ալիեւին, որ ՀՀ-ի տարածքի նկատմամբ ոտնձգությունը, ՀՀ ներխուժելը նրա համար ունենալու է ծանր հետեւանքներ։ Ենթադրում եմ՝ հենց միջազգային հանրությանը Ալիեւն ասում է՝ համաձայն եմ դրա հետ, բայց բոլոր քարտեզներով այդ տարածքները, գյուղերն իմն են, դրա համար ՀՀ-ի նկատմամբ ագրեսիան, ՀՀ ներխուժելը փորձում է լեգիտիմացնել հենց դրանով։ Դրա համար է ինքը որպես խոցելի թիրախ ընտրել Տավուշի չորս գյուղերն այն հույսով, որ Արեւմուտքն իրեն չի սանձելու։ ՀՀ իշխանությունն էլ ենթադրում է, որ ադ տարածքներն էլ հանձնելով Ադրբեջանին՝ միջազգային հանրության կողմից կունենա պաշտպանվածություն, որպեսզի ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում արդեն Արեւմուտքը կսանձի Ալիեւին։ Այդպիսին է հաշվարկը, չգիտեմ կաշխատի՞, թե՝ ոչ։ Վստահ եմ, որ նաեւ այդ հաշվարկով է իշխանությունը գնում Ալիեւի պահանջի բավարարման։ Իհարկե, կա ճնշում. մոտավորապես գիտեմ՝ որքան ես եմ տեղյակ, անցյալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանն է այդ թեման բարձրացվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930