Ամերիկյան սրտաբանական քոլեջի կողմից ապրիլի սկզբին ներկայացված հետազոտության համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտներ (վեյփեր) օգտագործող մարդկանց շրջանում սրտային անբավարարության զարգացման վտանգը շատ ավելի մեծ է, քան այն մարդկանց մոտ, որոնք երբևէ էլեկտրոնային սիգարետներ չեն օգտագործել։
Սրտային անբավարարությունը քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում սրտամկանը դժվարանում է բավականաչափ արյուն արտամղել օրգանիզմի կարիքները բավարարելու համար։ Սրտային անբավարարություն կարող է զարգանալ ամենատարբեր պատճառներով, ինչպիսիք են վարակները, սրտի բնածին արատը, զարկերակային բարձր ճնշումը, սրտամկանի ինֆարկտը, առիթմիաները, որոշ հիվանդությունները, թմրանյութերի օգտագործումն ու, ի վերջո, ծխելը։
Եվ ինչպես ցույց է տալիս հիշյալ հետազոտությունը, սովորական ծխախոտին այլընտանք համարվող էլեկտրոնային ծխախոտները կամ վեյփերը նույնպես մեծացնում են սրտային անբավարարության զարգացման վտանգը։
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կյանքի ցանկացած շրջանում էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը մեծացնում է սրտային անբավարարության առաջացման ռիսկը 19 տոկոսով։
Կարդացեք նաև
Ընդ որում, բացահայտվել է, որ այդ տեսակի ծխախոտի օգտագործումն ավելի շատ ազդում է սրտային անբավարարության որոշակի տեսակի՝ սիստոլիկ սրտային անբավարարության վրա (նաև կոչվում է սրտային անբավարարություն նվազած արտամղման ֆրակցիայով)։
Հետազոտողներն այդ համատեքստում ընդգծել են հետագա լայնամասշտաբ հետազոտությունների անցկացման և վեյփինգի վնասակարության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։
Հիշեցնենք, որ մեր նախորդ հարցազրույցներից մեկում անդրադարձել էինք վեյփինգի ազդեցությանը՝ զրուցելով թոքաբան Նունե Ազիզյանի հետ, որն ընդգծել էր՝ «էլեկտրոնային սիգարետները չեն կարող լինել ո՛չ այլընտրանք սովորական ծխախոտին, ո՛չ էլ ծխելը դադարեցնելու համար կիրառվող միջոց»։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ