Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ․-ին ձերբակալելու մասին․ Գոռ Աբրահամյան

Ապրիլ 28,2024 23:18

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024 թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։

Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։
Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա, պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։

Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:

2024 թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ․-ին ձերբակալելու մասին։

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

Հ.Գ Տվյալների վերստուգման արդյունքում պարզվել է, որ վթարի հետևանքով զոհված անձանցից մեկը Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքացի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930