Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշը չպիտի զգա, որ մենակ է»․ «Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը երթ իրականացրեց՝ ի աջակցություն Տավուշի

Ապրիլ 28,2024 22:41

Ի աջակցություն Տավուշի «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն այսօր մայրաքաղաքում  իրազեկման երթ իրականացրեցին։

«Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ Մենք պայքարել ենք Արցախի համար, պայքարելու ենք Տավուշի համար»,-ասում էին նախաձեռնության անդամները։

Նրանք Արցախի մի քանի մետրանոց դրոշը պարզած Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով՝ «Ո՛չ թրքացմանը, ո՛չ ծնկի գալուն, սուգը հավերժ է, եթե պայքար չկա» ու  կոչ անելով միանալ Տավուշում ընթացող բողոքի ցույցին։

«Տավուշը չպիտի զգա, որ մենակ է։ Արցախի համար միայն արցախցիները չպիտի պայքարեն, ամբողջ հայ ազգով պետք է պայքարենք, սա բոլորիս պայքարն է։ Եթե չպայքարենք՝ կորցնելու ենք նաեւ Հայաստանը, եւ բոլորս մնալու եք անտուն, անհայրենիք։ Մենք տարածք չունենք տալու թշնամուն»,-հայտարարեցին նախաձեռնության անդամները։

Նրանցից Ալվարդ Զաքարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ Արցախի շրջափակման ժամանակ էին պայքարը սկսել, ցավոք այն արդյունք չունեցավ․ «Մենք կորցրեցինք հնարավորությունն այս պահին Արցախ գնալու, բայց մենք երբեք չենք կորցնելու պայքարելու ունակությունը։ Հիմա մեր հայրենիքի մեկ այլ հատվածն է վտանգված, մենք դուրս ենք եկել, որպեսզի պայքարենք Տավուշի համար։ Տավուշի համար պայքարը նշանակում է հայրենիքի համար պայքար, մենք հույս ունենք, որ կկարողանանք ձերբազատվել այս իշխանություններից եւ ի վերջո ազատագրել ոչ միայն Տավուշը, այլեւ հետ վերադառնալ Արցախ»։

Այսօր 10-րդ օրն է, որ Տավուշի Կիրանց համայնքում բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում են, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը: Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է սահմանային առաջին սյունը:

Վերջին օրերին բողոքի ցույցեր են հանրապետության տարբեր հատվածներում։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930