Կապանի բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ իրանական ավտոբուսի հետևանքով տուժած 11 մարդ։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին, Վերին Խոտանան գյուղի տարածքում Հայաստանից Իրան ուղեւորվող «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. եւ 22 ուղեւոր) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը։
Կիրակի՝ ապրիլի 28-ին Կապանի հիվանդանոցում գտնվող տուժածներին այցելել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։ Նա բժիշկներից հետաքրքրվել է տուժածների առողջական վիճակով, զրուցել ՝ տուժածների հետ։ Միաժամանակ նա տուժած կանանց ծաղիկներ է նվիրել, իսկ անչափահասներին ականջակալ եւ սմարթ ժամացույց։
Aravot.am-ի տեղեկություններով քննչական անհրաժեշտ գործողություններից հետո, վթարի հետեւանքով տուժածները տեղափոխվելու են Իրան՝ շարունակելով բուժումը այնտեղ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։ Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում։ Մորթեզա Աբեդինը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Ղուկասյանին՝ իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ