Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ի սատարումն տավուշցիների և հայրենիքի փրկության՝ իրազեկման երթ էր կազմակերպվել Գյումրիում։ Մասնակիցները Յոթ Վերք եկեղեցու բակից շարժվեցին քաղաքի կենտրոնական հատվածներ, եղան մարդաշատ վայրերում, նաև բացօթյա սրճարաններում՝ հորդորելով քաղաքացիներին ոտքի կանգնել ու թույլ չտալ հայրենիքից տարածքներ նվիրել թշնամուն։
«Միացո՜ւմ», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան, որի սահմանները շահարկման թեմա չեն լինի»․ վանկարկում էին երթի մասնակիցները։
«Թուրքը երեկ Արցախում էր, այսօր Տավուշում է, երկու տարի է՝ նաև Ջերմուկում է, ո՞վ ունի երաշխիք, որ վաղը թուրքը չի լինի Շիրակում, ո՞վ ունի երաշխիք, որ վաղն այսօրվա անտարբերության պատճառով շարունակելու ենք նստած մնալ այնտեղ, որտեղ կանք»,- ասում էին ցուցարարները։
Կարդացեք նաև
Նրանք նաև զայրացած արձագանքում էին, որ իրենց հրամցնում են, թե ուրախացեք այն փաստով, որ 50 մետր այն կողմ թուրքն է, առևտուր կանեք, մինչդեռ մարդիկ կթողնեն իրենց տունն ու տեղը ու կհեռանան հայրենիքից։
«Հայաստանը կհայաթափվի, արդյո՞ք դա ենք մենք ուզում, արդյո՞ք ուտելու ենք այն վերջին կուտը, ինչպես կերանք Արցախի ժամանակ»։
Երթի մասնակիցները նախազգուշացրեցին, որ իրենց բողոքի ցույցն ապակուսակցական պայքար է, և որ այստեղ հավաքված են պատերազմի մասնակիցներ, նախկին զինվորականներ, հոգևորականներ, հավատացյալներ, որոնք քաղաքականության մեջ չկան։
Այս պայքարը, ինչպես հայտարարվեց, առաջնորդում է հոգևորականությունը։
«Սա պայքար է հանուն հայրենիքի, գերբի վրայից Մասիսը հանելը թշնամու պահանջը չպիտի լինի, քոչվոր ազգի կոյունլու թշնամին մեզ չպիտի պարտադրի՝ ինչ արժեքներով ու ինչ Սահմանադրությամբ երկիր կառավարենք, թուրքը չպիտի ասի՝ մենք ինչպես ապրենք։
Թույլ չպիտի տանք, որ Արցախի նման կորցնենք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից։ Եթե ասում եք՝ Արցախը մերը չէր,բա ի՞նչ եք ասում՝ Տավուշի տարածքների, Երասխի, Տիգրանաշենի մասին, Սև լճի ու Ջերմուկի մասին, և ի վերջ վստա՞հ եք, որ Շիրակ չի հասնելու», -բացականչում էին ցուցարարները։
Նրանք ասում էին, որ այս պայքարը յուրաքանչյուրինն է։
Կային մարդիկ, որոնք արձագանքում էին, զրուցում էին երթի մասնակիցների հետ, ոմանք էլ փորձում էին սադրել։
Նկատենք, սակայն, որ ոստիկանները սադրանքներն անմիջապես կանխում էին, ոչ մի արտառոց միջադեպ չգրանցվեց հենց ոստիկանների շնորհիվ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ