Լրահոս
Օրվա լրահոսը

Անվնաս թվացող մուլտֆիլմերի հակառակ կողմերը

Ապրիլ 28,2024 12:47

Հեռուստատեսությունը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց, հատկապես երեխաների կյանքի որակի վրա: Տվյալ ազդեցությունը կարող է լինել դրական, եթե նպատակաուղղված է անձի ներդաշնակ ձևավորմանը, կամ բացասական, եթե չի վերահսկվում մեծահասակների կողմից:

Մանկահասակ երեխաների առօրյայի անբաժան մասն են կազմում մուլտֆիլմերը: Եթե նախկինում միայն հասանելի էին հեռուստատեսային մուլտֆիլմերը, ապա այժմ երեխաները հեշտությամբ կարողանում են օգտագործել ցանկացած սմարթֆոն: Մուլտֆիլմը, որը կոչվում է նաև անիմացիա, ազդում է երեխայի հոգեկան ու ֆիզիկական առողջության, հուզական, ճանաչողական ոլորտների, բնավորության և վարքի ձևավորման վրա:

Միայն գունավոր, անիմացիոն կերպարներ տեսնելը բավարար չէ մուլտֆիլմերը անվնաս համարելու համար: Որքանով էլ  որ դրանք ստեղծվում են երեխաների համար, միևնույնն է, լինում են «օգտակար», ու «վնասակար»: Ազդեցության գլխավոր հանգամանքներից մեկն այն է, որ երեխան դառնում է վարքի կրկնօրինակող, հետևաբար, պետք է զգոն ու ուշադիր լինել մուլտֆիլմերի ընտրության հարցում:

Անդրադառնալով մուլտֆիլմերի ազդեցությանը՝ մանկական հոգեբան Նարե Արզումանյանն ասում է.

«Այն երեխաները, ովքեր գիտակից շրջանից մինչև 8 տարեկան հասակ դիտում են ագրեսիվ տեսարաններ, վիճաբանություններ, առնվազն տասը տարի անց կրկնօրինակում են այդ պահվածքը և ցուցաբերում են հակասոցիալական վարք, քանի որ ժամանակին այդ ամենն է հրամցվել իրենց, ուստի պետք է չափազանց ուշադիր լինել մուլտֆիլմերի ընտրությանը՝ դրանց չվերաբերելով որպես ժամանակավոր միջոց երեխայի ուշադրությունը շեղելու համար»:

Դրական ազդեցություն են ունենում այն մուլտֆիլմերը, որոնք կատարում են ուսուցողական  գործառույթ, զարգացնում են երեխաների հետաքրքրությունները, ձևավորում են կամքը,սովորեցնում են լինել կարեկից, ընկերասեր և պայքարող: Նմանօրինակ մուլտֆիլմերը օգնում են նաև երեխաների սոցիալականացմանը, տարեկիցների և մեծահասակների հետ շփման հաստատմանը: Մինչդեռ կան այնպիսիք, որոնք պարունակում են ագրեսիա, բռնություն, չարիք: Դրանք բացասական ազդեցություն են գործում երեխայի հոգեկանի վրա՝ վերջիններիս դարձնելով սառնասիրտ, անտարբեր թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների նկատմամբ, եսասեր, կամակոր, հաշվենկատ: Լինում են  դեպքեր, երբ մուլտֆիլմերի ազդեցության ներքո երեխան կատարում է անթույլատրելի արարքներ, ինչպես օրինակ տեսնում են աշխարհահռչակ «Մաշան և արջը» մուլտֆիլմում է: 5-ամյա Մարինայի մայրը հիշում է.

«Աղջիկս շատ չարաճճի քայլեր էր անում և արդարանում էր՝ նշելով, որ Մաշայի վրա ոչ-ոք չէր բարկանում. հետո մենք հասկացանք, որ այդ ամենը պայմանավորված էր  մուլտֆիլմի ազդեցությամբ, քանի որ նա փորձում էր անել այն, ինչ այդ հերոսը մուլտֆիլմում»:

Առաջին հայացքից անվնաս թվացող մուլտֆիլմերը ազդեցություն են ունենում երեխաների լեզվական կարողությունների զարգացման վրա ևս: Լոգոպեդ Նելլի Վարդանյանը նշում է.

«Խոսքի ճիշտ զարգացման համար պետք է երեխաներին թույլ տալ մուլտֆիլմեր դիտել 2 տարեկանից սկսած, քանի որ մինչ այդ նրանք կարիք ունեն իրենք իրենցով ճանաչելու աշխարհը: Շատ մեծ ուշադրություն պետք դարձնել նաև մուլտֆիլմի լեզվին. եթե դեռ ձևավորված չէ երեխայի սեփական լեզուն, սխալ է  հրամցնել ռուսերեն կամ անգլերեն լեզվով մուլտֆիլմերը»:

Մասնագետը հավելում է նաև, որ երեխաների հետ շփվելիս պետք է հնարավորինս ճիշտ արտաբերել բառերն ու կապակցությունները՝ խուսափելով փաղաքշական վերջավորություններից, ինչպես՝ ջուրիկ, կաթիկ և այլն:

Մուլտֆիլմերի  հարցում երեխաներին կարելի է տալ նաև ընտրության հնարավորություն՝ տեսնելու չարն ու բարին , լավն ու վատը, պետք է փորձել օգնել կողմնորոշել երեխային՝ հասկանալու այդ ամենը:Այս առումով կարևորվում է ծնողի դերը, քանի որ ծնողն է  այն միջոցը, որը կարող է մուլտֆիլմի ցանկալի ազդեցությունը հասցնել երեխայի ենթագիտակցությանը՝ պարզապես պատասխանելով նրա հարցերին՝ այս կամ այն հերոսի հետ կապված:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930