Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանգնած ենք մեր հողին․ ո′չ նախկինները, ո′չ ներկաներն այստեղ անելիք չունեն։ Թե′ նախկինները, թե′ ներկաները թող հեռանան»․ Դիլիջանի բնակիչ

Ապրիլ 27,2024 23:45

«Ես Տավուշում եմ՝ իմ հողի վրա։ Փակել եմ Բաղանիսի ճանապարհը, հետո Կիրանցի՝ պահանջս ներկայացնելով բոլոր այն մարմիններին, որոնք այս ամենն անում են։ Այս ամենի արդյունքում առիթից թող օգտվեն ո՛չ հները, ո՛չ նորերը, մեր ժողովուրդը կուշտ է այդ ամենից․ պետք է լսել ժողովրդի ձայնը։ Պետք չէ սա տանել սեփական շահերի իրագործման համար՝ քաղաքական ուժերի մասին է խոսքը՝ թե՛ հների, թե՛ նորերի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դիլիջանի բնակիչ Վարդան Ավագյանը։ Նա փաստեց՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում արդեն ութ-ինը օր է ճանապարհը փակ է։

Նա վստահեցրեց՝ իրենց՝ բնակիչների պայքարն իրական է, իրենց հայրենիքի համար․ «Մյուս քաղաքական ուժերի մասին չեմ խոսում, քանի որ տարբեր խմորումներ են գնում՝  գալիս, նկարվում, գնում են տարբեր նպատակներով։ Ժողովուրդը, որոնք կանգնած է, իրենց խնդիրն է, որ իրենց հայրենիքը մնա։ Սակայն մարդիկ կան, որ դա շահարկում և կարծես այլ ուղղություններով են տանում։ Ով կողքից ինչ կանի, մեր նպատակը մեկն է՝ այն հողերը, տարածքները, որ արդեն դարերով ՀՀ-ինն են, չի կարելի հանձնել թշնամուն։ Եթե հանձնեցին, հաջորդը լինելու է այլ վայրում, այլ մարզում։ Չի կարելի այս ամենը շահարկել։ Պետք է այս գործընթացը կանգնեցնել, պետք է լինի իշխանության փոփոխություն՝ ընտրություններով․ իրենք իրենց վաղուց սպառել են, պետք է հրաժարական տան, որ հաջորդ ընտրություններով ձևավորվի նորմալ իշխանություն։ Ինչքան երկար մնան, այնքան ավելի ցավալի է լինելու հայ ազգի համար»։

Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ սա կուսակցական խնդիր չէ․ «Ես իմ հողի վրա եմ, իմ համար կուսակցական, թե ոչ կուսակցական չպետք է լինի։ Մենք ունենք մեկ խնդիր՝ հայրենիքի պաշտպանության խնդիր»։

Մեր հարցին՝ այդ վտանգը տեսնո՞ւմ եք, որ տավուշցիների դիմադրությունը որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել, Վարդան Ավագյանը պատասխանեց․ «Եթե մի քիչ քաղաքականությունից կամ երկրի մասին անհանգիստ ես, ակնհայտ երևում է, թե ինչ է կատարվում։ Բայց մենք այստեղ ենք, կանգնած ենք մեր հողին՝ ոչ նախկինները, ոչ ներկաներն այստեղ անելիք չունեն։ Թե նախկինները, թե ներկաները թող հեռանան, ու մենք ունենանք նորմալ երկիր, որը պետք է զարգանա, առաջին հերթին իր անվտանգային հարցերը լուծի, նորմալ բանակցող ունենա, որ այս խնդիրները լուծվեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արտավազդ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930