Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Հստակ է, որ Էրդողանն ու Ալիեւը ապազգայնացման պահանջ են դրել Հայաստանի առջեւ»

Ապրիլ 27,2024 22:43

Ազատության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում վերջին օրերին բողոքի ցույցերը ճնշելու նպատակով իշխանության կողմից անհամաչափ բիրտ ուժ կիրառելու մասին ասաց. «Սա հետաքրքիր տրանսֆորմացիայի սկիզբ է։ Եթե նայենք, թե նույն Ոսկեպարում ովքեր էին մեքենա քշում ժողովրդի վրա, դրանք նույն մարդիկ են, որոնք հայտնի են իրենց նախորդ գործունեությունից ե՛ւ բռնություններ կատարելու, ե՛ւ ընտրակեղծիքների ակտիվությամբ, ե՛ւ նման այլ բաներով։ Եվ եթե իշխանությունը սկսում է այդ ուժերից օգտվել, հասկանալի է, թե ինքը հաջորդ բոլոր ընտրությունները ինչ ձեւով է անցկացնելու։ Իսկ դա խոսում է իրենց տրանսֆորմացիայի, իրենց դիմակը, որով հանդես էին եւ են գալիս որպես ժողովրդավար, գցելու մասին։

Եվ հիմա, առանց որեւէ օրինական հիմք ներկայացնելու, կարող են հարձակվել բազմամարդ հավաքի վրա, հարյուրավոր մարդկանց տանել եւ այլն։

Բայց այդ ամեն ինչի տակ ավելի կարեւոր բան կա. սիստեմստիկ նոր քաղաքականությունը։ Դրա պրոպագանդան մենք տեսնում ենք վերջին ամիսներին, որովհետեւ դա միայն Նիկոլը չի։ Նրա ամբողջ շրջապատը սկսել է մի նոր քարոզ, որը փաթեթավորվում է իբրեւ թե խաղաղության կոչերով։ Բայց իրականում պետք է հասկանալ, թե քարոզչական ինչ մաքսանենգ ապրանք է գալիս Հայաստան։ Պետք է նայել, թե այդ նույն օրերին ինչ ուղերձներով են հանդես գալիս Ալիեւը եւ Էրդողանը։ Այսինքն, հստակ է, որ նրանք ապազգայնացման պահանջ են դրել Հայաստանի առաջ։ Պարտությունից հետո այդ քաղաքականությունը պետք է իրականացվեր։ Իսկ դա մենք գիտենք. Ռուսաստանի քաղաքացիությունն էր, պահանջն էր Ուկրաինայի նկատմամբ։ Հիմա իրենք նմանատիպ քաղաքականություն ներմուծում են Հայաստան։

Ամբողջ արժեքներից հրաժարումը, ցեղասպանության ուրացման ամբողջ տեքստերը, որ լսում ենք իրենցից, Արարատից հրաժարվելը, զինանշանից դուրս գալը, Անկախության հռչակագրից հրաժարվելը, պատմական եւ ներկա, իրական Հայաստանի անհամատեղելիությունը, այս բոլորը խոսում են համակարգված քաղաքականության մասին, ուրացման դասական քաղաքականության, կոլաբորացիսյի մասին։ Հետեւաբար, նրանց դեմ պայքարը պետք է ընթանա համապատասխան տրամաբանությամբ։ Այսինքն, ինչպես պայքարը կառուցվում է զավթողական ռեժիմի դեմ։

Այնպես որ, իրենց «ժողովրդավարական» այդ ամբողջ փաթեթավորումից իրենք հրաժարվելու են, շատ արագ անցնելու են հալածանքների եւ ճնշումների։

Իրենք են հայտարարել, որ անհամատեղելի են իրական Հայաստանը եւ պատմական Հայաստանը։ Իսկ դա նշանակում է, որ այդ արժեքները կրողները միաժամանակ չեն կարող լինել։ Իսկ դրա համար բիրտ ուժ է պետք լինելու, ուրիշ ելք չկա։ Բայց դա, իհարկե, իրենց օգուտ չի տալու»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930