Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ ժողովրդի արդար սպասումն է ինչպես միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, այնպես էլ՝ համապատասխան գնահատական տալը հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանության

Ապրիլ 27,2024 21:17

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բրազիլական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն տիար Վազգեն Յակուբյանի և Բրազիլիայի ՀԲԸՄ մշակութային գծով տնօրեն տիար Նորայր Շահինյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշեց, որ հյուրերի՝ Հայաստան այցի նպատակն է ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև լուսաբանելու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները։

Խոսելով 20-րդ դարասկզբում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության մասին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովրդի արդար սպասումն է ինչպես միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, այնպես էլ՝ համապատասխան գնահատական տալը հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանության՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, իրագործված էթնիկ զտումներին և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացմանը։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն տարածաշրջանում և Հայաստանում առկա իրավիճակը, կբարձրաձայնեն արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայ Եկեղեցու գործունեությանը և միջեկեղեցական փոխհարաբերություններին։

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930