«Մենք այսօր իրականացնում ենք ակցիա՝ ի պաշտպանություն Տավուշում տեղի ունեցող ապօրինի գործընթացի»,- Իջևանում իրազեկման երթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հիշեցնելով, թե ինչ է կատարվում Կիրանց գյուղում, հայտարարեց․ «Եթե ինձ չեք հավատում, ձեր ժամանակից մի քանի րոպե տրամադրեք, այցելեք Կիրանց գյուղ, տեսնելու՝ ինչ է կատարվում։ Էս էլ հո մեր քթի տա՞կ է, էս էլ հո Արցախը չէ, որ ասենք՝ Արցախն է, մեզնից հեռու է, էսքան ժամանակ մեզ նեղություն է պատճառել։ Կիրանց գյուղից հետո ապօրինի այդ գործընթացը փորձելու են տեղափոխել այլ գյուղեր։ Չորս գյուղից հետո գործընթացը տեղափոխվելու է Ազատամուտ, այնուհետև Վերին Ոսկեպարի հատվածը։ Սա ամբողջ հայ ժողովրդի և մեր բոլորի խնդիրն է»։
Պատգամավորը վստահեցրեց՝ այսօր ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտմամբ տեղի է ունենում ապօրինի գործընթաց, որով միակողմանի զիջում է իրականացվում, և մեր պետական սահմանները ենթարկվում են փոփոխության։ Տեղի են ունենում ականազերծման աշխատանքներ, որոնցով առաջնագիծը կազմաքանդվում է և ստեղծվում է մի իրավիճակ, երբ ադրբեջանցին անարգել մուտք է գործելու Տավուշի սահմաններից ներս։ Առանց որևէ օրինական հիմքի ադրբեջանցիներին են զիջվում ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ։ Այդ գործընթացի արդյունքում թշնամին հայտնվելու է Կիրանցում։ Անմիջապես գյուղի կենտրոնում հայտնվելու են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները։ Տավուշի մարզը, որը 1990-ականներին ստեղծել է ամուր պաշտպանական հենակետեր, դրանք այլևս գոյություն չեն ունենալու»։
Կարդացեք նաև
Իրազեկման ցույցն այս պահին շարունակվում է Ազատամուտ գյուղում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ