Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ցավը տանեմ։ Երեկ ցույց տվեցիք, որ իսկական հողի տեր եք»․ Ավետիք Չալաբյանը՝ տավուշցիներին

Ապրիլ 27,2024 16:11

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Լոռու մարզի Դեբեդի հատվածում փակ է Երևան-Թբիլիսի ճանապարհը։

Այստեղ հավաքված քաղաքացիները՝ ՀՀ տարբեր մարզերից իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին և պահանջում դադարեցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Քաղաքացիներից մեկն ասաց․ «Այստեղ հայրենիքը սիրող մարդկանցից բացի ուրիշ մարդ չկա։ Ով իր հայրենիքը չի սիրում, չի սիրում իր ծնողին, չի սիրում իր երեխային։ Միայն փողն է սիրում, թող ուրեմն գնան, Թուրքիայում ապրեն»։

Ճանապարհը փակած քաղաքացիներին ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ ակցիան խելամիտ ժամկետներում պետք է ավարտվի։ Քաղաքացիները հրաժարվեցին բացել ճանապարհը՝ նշելով, որ ոստիկանների սահմանադրական իրավունքներն էլ են խախտված և հորդորեցին միանալ իրենց։

Այստեղ են նաև «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները։ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Մեր աջակցությունն ենք հայտնում Տավուշում կանգնած մեր հայրենակիցներին։ Ձեր ցավը տանեմ։ Երեկ ցույց տվեցիք, որ իսկական հողի տեր եք․ հետ շպրտեցիք այս վարչախմբի շներին։ Մենք էլ այստեղ ենք, որ ձեր վրայից բեռը հանենք։ Կանգնեք այս վարչախմբի դեմ, պահանջեք ձեր իրավունքները։ Այս երկիրը մերն է, ոչ թե այս խունտայինը։ Ոտքի կանգնեք, պահանջեք ձեր իրավունքները»։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ահազանգեց․ «Արդյունքում ՀՀ-ն կորցնելու է միջպետական ռազմավարական նշանակություն ունեցող կապուղիներ, բարձունքներ։ Լոռու մարզն էլ է դառնալու սահմանամերձ։ Մենք տեսնում ենք, որ մեր երկիրը կտոր առ կտոր հանձնվում է»։

Մենուա Սողոմոնյանը նշեց՝ պետք է դադարեցնել գործընթացները սահմանազատման հետ կապված մինչև համապատասխան ընթացակարգ չլինի՝ սահմանազատման հետ կապված փաստաթուղթ՝ վավերացված ԱԺ-ի կողմից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930