Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հյուրըկալության սառչում․ ծառայությունների արտահանման ուսումնասիրություն

Ապրիլ 27,2024 15:41

Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման ուսումնասիրության համար օգտագործվել է ՀՀ վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառությունը զգալի անկում է ունեցել՝ հիմնականում պայմանավորված զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման նվազմամբ։ 2021 և հատկապես 2022 թվականին առկա են ծառայությունների առևտրաշրջանառության վերականգնողական աճ, որը շարունակվել է մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը։ 2023 թվականի չորրորդ եռամսյակում արդեն գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը կրճատվել է։

Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել։

Ինչպես երևում է, Հայաստանի 2023 թվականի ծառայությունների արտահանման հիմնական ոլորտներն են եղել ճանապարհորդությունը և ՏՏ ծառայությունները՝ համապատասխանաբար 3 մլրդ և 1 մլրդ դոլարի, որոնք կազմել են 2023 թվականի ծառայությունների արտահանման համապատասխանաբար 53.5 և 19.1 տոկոսը։ Այս ծառայությունների 2022-23 թվականների աճը ապահովել է նաև մեր տնտեսական աճի զգալի հատվածը։ Ծառայությունների կրճատման տենդենցը, որը կարող է շարունակվել 2024 թվականին, մտահոգիչ է հատկապես ընթացիկ հաշվեկշռի և բյուջեի մասին oրենքով պլանավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։

Երկուս ու կես տարի վերականգնողական և կտրուկ աճից հետո 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։ Այսինքն տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշվի հետհամաճարակային վերականգնման աճի և ռուսական տուրիստների և ռելոկատների մեծ քանակությամբ ավելացմամբ։

Ինչպես երևում է առաջին աղյուսակից, 2023 թվականի չորրորդ եռամսյակում կրճատման միտում ունեն բոլոր ծառայությունների արտահանումը, բացառությամբ տրանսպորտային և կենսաթոշակային ծառայությունների։ Ֆինանսական ծառայությունները 2023 թվականի 4-րդ եռամսյակում չնչին աճ են ցուցաբերել՝ չնայած տարվա կտրվածքով ֆինանսական ծառայությունները կրճատվել են 19.8 տոկոսով։

Նշենք նաև, որ 2022 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանման 43 տոկոսը ծառայություններն են եղել, 2023-ին այդ ցուցանիշը իջել է մինչև 39.8 տոկոս։

Դիտարկենք նաև 2020 թվականի ծառայությունների արտահանման և ներմուծամն անկումը։
Կորոնավիրուսի համաճարակի բռնկումը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանում ծառայությունների արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա։ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկում է գրանցվել, ընդ որում՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ցուցանիշների։ 2020թ. ծառայությունների ներմուծումը նվազել էր 61,3%-ով՝ 2485 մլն ԱՄՆ դոլարից իջնելով 961 մլն ԱՄՆ դոլարի։ Ծառայությունների արտահանումը նվազել էր 55,9%-ով՝ 2402 մլն ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 1060 մլն ԱՄՆ դոլար։ Առևտրաշրջանառության էական նվազումը առաջին հերթին պայմանավորված է եղել զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման կտրուկ կրճատմամբ։

Զբոսաշրջության ոլորտը, որը զգալիորեն նպաստում է ծառայությունների առևտրին, 2020 թվականին համավարակի պատճառով լուրջ հետընթաց ապրեց։ Գրանցվել է զբոսաշրջային ծառայությունների և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալների զգալի անկում՝ արտահանումը 2020 թվականին նվազել է 82,0%-ով, իսկ ներմուծումը 84,5%-ով: Այս թվերը ընդգծում են ծառայությունների առևտրի ոլորտի մեծ կախվածությունը զբոսաշրջությունից: Ծառայությունների առևտրաշրջանառության անկման մեկ այլ ուշագրավ կողմը տրանսպորտային ծառայությունների ներմուծման կրճատումն էր: 2020 թվականին գրանցվեց 36.3% անկում:

Չնայած 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկմանը, 2021 և 2022թ. առկա է ծառայությունների ներմուծման և հատկապես արտահանման զգալի վերականգնողական աճ։ Ինչպես երևում է առաջին աղյուսակից, Հայաստանում ծառայությունների արտահանումը 2022թ. աճել է գրեթե 3.5 անգամ:

2022 թվականին ծառայությունների արտահանումը կազմել է 4,2 մլրդ դոլար՝ զբոսաշրջային ծառայություններ՝ 58,4%, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 17,0%, տրանսպորտային ծառայություններ՝ 13,4%, շինարարական ծառայություններ՝ 2,5%։ 2021 թվականին ծառայությունների արտահանումը կազմել է 1,7 մլրդ դոլար՝ զբոսաշրջային ծառայություններ՝ 45,2%, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 22,0%, տրանսպորտային ծառայություններ՝ 17,5%, շինարարական ծառայություններ՝ 5,0%։

Ինչպես երևում է երրորդ գծապատկերից, Հայաստանը ավելի շատ ներմուծում է տրանսպորտային ծառայություններ, քան արտահանում: Տրանսպորտային ծառայությունների հաշվեկշիռը Հայաստանում պակասուրդային է: Այս ցուցանիշը կոռելացված է ապրանքների ներմուծման և արտահանման հետ:

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930