Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր. ՔԿ

Ապրիլ 27,2024 12:49

ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին:

Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:

Նշված դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

2024 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 01:41-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել այն մասին, որ Կիրանց բնակավայրում իրականացվող ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց։

Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը ևս նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթները միացվել են։

Ձեռնարկվում են միջոցներ՝ միջադեպի ընթացքում առերևույթ բռնություն գործադրած, հանցավոր վարքագիծ դրսևորած բոլոր անձանց ինքնությունները պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930