Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը․ «Փաստ»

Ապրիլ 27,2024 10:40

Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:

«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930