Լրահոս
Օրվա լրահոսը

Որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը․ «ՉԻ»

Ապրիլ 27,2024 09:45

Ճանապարհներ փակելը, բնականաբար, ներքաղաքական պայքարի շատ արդյունավետ գործիք է, բայց դա ընդամենը միջոց է, և ոչ նպատակ։ Նպատակն օրվա իշխանություններին տապալելն ու նոր իշխանություններ ձևավորելն է, հետևաբար՝ կարևոր է հասկանալ, թե որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը։ Միայն թե չասեք՝ «հիմա դրա ժամանակը չի», «հիմա սրանց քշենք, հետո կերևա», «նման խոսակցություններով պառակտում ենք շարժումը», «ջուր ենք լցնում նիկոլականների ջրաղացին», և այլն։ 2018-ին մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ինչ-որ մարդիկ էմոցիոնալ ճղճղոցներով, առանց որևէ ծրագիր ներկայացնելու և անգամ քաղաքական միտք արտաբերելու, ճանապարհներ փակելով զավթում են իշխանությունը։ Եվ ի՞նչ, արդյունքներից գո՞հ ենք։ Եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա ճանապարհ փակողների մեջ է՛լ պոտենցիալ ալենչոների, ավինյանների, արարատմիրզոյանների ու արայիկհարությունյանների պակաս չկա, հիմա ի՞նչ, և՞ս մի անգամ անցնենք այդ ճանապարհը։

Դրանից խուսափելու ձև, իհարկե, կա։ Դրա համար ընդամենը պետք է արձանագրել հետևյալ իրողությունները։ 1․ Այս իշխանությունները պետք է հեռանան (սա քննարկման ենթակա չէ), որովհետև ձախողել են բառիս բուն իմաստով ամեն ինչ։ 2․ Իշխանափոխությունից հետո ոչ տարածաշրջանային իրողություններն են փոխվելու, ոչ ուժերի բալանսը, ոչ էլ մեր վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակները։ Հետևաբար՝ Հայաստանի նոր իշխանությունները, ովքեր էլ լինեն, ընդամենը երեք տարբերակ են ունենալու։ 1․ Շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա (ինչը ենթադրում է որևէ փուլում հանձնել նաև անկլավները), բայց՝ պնդել, որ դա պետք է արվի միայն ամբողջական սահմանազատումից և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ 2․ Դադարեցնել սահմանազատման անվան տակ իրականացվող միակողմանի զիջումները, կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ համաձայնվելով, որ նրա՛նք հսկեն Մեղրիով անցնող ճանապարհը, նրա՛նք մեզ հետ միասին Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնեն ու իրենք էլ սահմանապահներ տեղակայեն հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 3․ Կասեցնել գործընթացը և պատրաստվել պատերազմի՝ հույս ունենալով, որ Արևմուտքից հրաժարվելու դիմաց Ռուսաստանն ու Իրանը այս անգամ կօգնեն մեզ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930