Շատ է խոսվել, իսկ այս օրերին Հայաստանի իշխանություններն արդեն անթաքույց բարձրաձայնում են դուրս գալ Ռուսաստանի հետ կապված բոլոր կառույցներից, ներառյալ՝ ռուսական սահմանապահ զորքերը փոխարինել մեր սահմանապահ զորքերով, ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերել Հայաստանից եւ անցում կատարել Արեւմուտքի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի թեւի տակ, իբր ամբողջությամբ փոխելով Հայաստանի հետագա զարգացման վեկտորը: Հավանաբար, նրանք մոռացել են ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների՝ 44-օրյա պատերազմի, Լաչինի միջանցքի 10 ամսից ավելի փակ պահելու, 2022թ. Ադրբեջանի հերթական հարձակման, մինչեւ դա եւ դրանից հետո մի շարք այլ հարձակումների ժամանակ նրանց պահելաձեւի մասին, երբ այդ երկրներից եւ ոչ մեկը որեւէ կոնկրետ քայլի չդիմեց ու բացի դատարկ, փուչ բառեր արտասանելուց, բացարձակապես ոչինչ չարեց: Մի բան է հաստատ, որ Հայաստանը լինելով Եվրախորհրդի անդամ, 2020-2024թթ. ընթացքում բացի մի քանի դատարկ՝ փուչ բանաձեւեր ընդունելուց, այդ կառույցը որեւէ գործնական քայլի չդիմեց՝ որեւէ գործուն միջամտություն չարեց՝ ոչ 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ էլ դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացրած մի շարք հարձակումների ժամանակ, որոնց ընթացքում տվեցինք տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ եւ կորցրեցինք սուվերեն Հայաստանի բազում տարածքներ, որոնք մինչ այժմ էլ նրանց տիրապետության տակ են: Այլ խոսքով, փուչ հույսեր տալով Հայաստանին, էլ ավելի խանգարեց նրան, որը ոչ այլ ինչ է, քան այն, որ դրանով Ադրբեջանին պարզորեն հասկացրեց, որ հանգիստ կարող են իրենց սեւ գործն անել, ինչը եւ արեցին: Դա է եղել Արեւմուտքի եւ Եվրոպայի «օգնությունը» մեզ …
44-օրյա պատերազմից եւ դրանից հետո Ադրբեջանի մի շարք նոր հարձակումներից հետո, մինչեւ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումն ընկած ժամանակահատվածում Հայաստանի եւ Արեւմուտքի ու Եվրոպայի միջեւ ընթացած իրադարձությունների արդյունքներին արդեն բավականաչափ տեղեկացված ենք եւ հետեւելով ապրիլի 5-ի բարձր մակարդակի՝ Բլինքեն-Ֆոնդերլյայն-Փաշինյան եռակողմ հանդիպմանը, հասկացանք, որ Փաշինյանը վերջնականապես՝ ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Հայաստանն ընտրում է եվրաինտեգրման մոդելը, դրանով իսկ ազդարարելով նաեւ, որ խզում է իր բոլոր կապերը Եվրասիական միության, ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ կապված մնացած կառույցների հետ: Թե ինչպիսի ընթացք կունենան ապրիլի 5-ին Բրյուսելում արված հայտարարությունները, կյանքը ցույց կտա …
Իսկ ինչ վերաբերում է մինչեւ այժմ Ռուսաստանի պահվածքին, կարելի է կարճ՝ մի քանի բառով ներկայացնել. 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանը եւ ՀԱՊԿ մնացած անդամները, Հայաստանը, որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, պետք է ամեն կերպ օգնեին նրան, քանի որ դա ամրագրված է հենց կազմակերպության կանոնադրությամբ, ցավոք, բացի դատարկ բառերից, այն գործնականում ոչնչով չմիջամտեց եւ չօգնեց Հայաստանին: Ավելին, նա իրեն պահում էր այնպես, կարծես Ադրբեջանն էր ՀԱՊԿ անդամ, իսկ Հայաստանը՝ ոչ: Այլ խոսքով, երկու բլոկներն էլ իրենց պահեցին նույն կերպ՝ եւ 44-օրյա պատերազմի ընթացքում, եւ դրանից հետո էլ ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ընթացքում ոչ մի կերպ չօգնեցին Հայաստանին: Այլ խոսքով, երկուսն էլ Հայաստանի նկատմամբ որդեգրեցին կրավորական կեցվածք եւ նրանցից որեւէ տեսակի օգնություն չստացանք: Հենց այս պարագայում էլ լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը գերադասեց՝ նույնատիպ կեցվածք ցուցաբերած Արեւմուտքին ու Եվրոպային, այլ ոչ Ռուսաստանին, այն էլ այն պարագայում, երբ գոնե ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ արդեն կային ձեւավորված գործող կառուցվածքներ, իսկ թեկուզ աշխարհագրական իմաստով, այդ կառուցվածքները մյուս կողմի հետ շատ դժվար կլինի կազմավորել:
Վստահ չեմ, որ Արեւուտքը եւ Եվրոպան կկատարեն ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանին տրված բոլոր խոստումները, քանզի նախկինում եւս նրանց տված խոստումները միշտ մնացել են օդում կախված եւ երբեք կյանքի չեն կոչվել …
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
26.04.2024