«Այն, ինչ տեսնում ենք Տավուշի օրինակով, Արցախի հանձնման քաղաքականության շարունակականությունն է Հայաստանում, հայկական հողերի մասով, որի անունը դրվել է սահմանազատում»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը:
– Մի քանի օր է՝ Տավուշում փաստացի սահմանազատում է իրականացվում. սյուներ են տեղադրվում, երկրի իշխանավորները հպարտանում են, բայց տեղում՝ տեղացիներն են կանգնած. մյուս քաղաքական ուժերը հայտարարություններով են մտահոգվում: Ի՞նչ գործընթացում ենք մենք հիմա, ինչպե՞ս կբնութագրեք այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում:
– Տավուշում ստեղծված իրավիճակն ուղղակի համեմատական է Արցախում ստեղծված այն իրավիճակին, որը մենք տեսանք: Այսինքն, Ադրբեջանի կողմից, այսպես ասած, սողացող ճնշման արդյունքում, որին որ ամբողջությամբ համաձայնվել է ՀՀ իշխանությունը, տեղի է ունենում Հայաստանի պետական սահմանների, ինչպես նաեւ Սահմանադրության, Քրեական օրենսգրքի խախտումների մի համաբույլ: Այն, ինչ տեսնում ենք Տավուշի օրինակով, Արցախի հանձնման քաղաքականության շարունակականությունն է Հայաստանում, հայկական հողերի մասով, որի անունը դրվել է սահմանազատում: Կարծես ՀՀ իշխանությունները գտել են մի ֆորմուլա, որտեղ որ փաստացի հանձնումը փաթեթավորել են «սահմանազատում» անվան տակ, բայց դա ոչ թե սահմանազատում է, այլ ֆեյք-սահմանազատում: Գործընթացն իրավաբաններն առավել լավ կկարողանան մեկնաբանել, որովհետեւ դրա իրավական, սահմանադրական հիմք բացարձակապես գոյություն չունի: Գոյություն ունի հանրապետության վարչապետի կողմից ինչ-որ հանձնաժողովում մասնակցելու իրավունք ունեցող փոխվարչապետի ինչ-որ լիազորություն, որի սահմաններում տեղի է ունենում հայկական հողերի հանձնում: Սա ամբողջապես պետք է ընկալելի լինի հայ հանրությանը, որը որ այս երեւույթը ամբողջապես մերժում է եւ այդ մերժման որոշակի տարրեր մենք արդեն տեսնում ենք փողոցներում. փաստացի, հանրապետության ծայրամասերը եւ կենտրոնական մասն իրար կապող մայրուղիները պարբերաբար փակվում են, հասարակությունն ընդվզում է այն ամենի դեմ, ինչն իրեն հրամցվում է: Իսկ հասարակությանը հրամցվողը ոչ թե սահմանազատում է, ոչ թե որեւէ իրավական, պետական-օրենսդրական հիմք ունեցող երեւույթ է, այլ ֆեյք, կեղծ սահմանազատում, որը որ շատ արագ վնասելու է ՀՀ տարածքային ամբողջականությանը, որովհետեւ ունենալու է շարունակականություն: Իսկ այդ շարունակականությունն ապահովվելու է ադրբեջանական ճնշումների միջոցով, որին որ այս իշխանությունը, փաստացի, որեւէ կերպ չի դիմադրում:
– Ալիեւը նախորդ օրը կրկին բացահայտ պնդեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու, Սահմանադրության նախաբանը փոխելու եւ մնացյալ գործընթացներն ավարտին հասցնելու իր պարտադրանքը:
Կարդացեք նաև
– Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ճնշումների օրակարգը բացարձակապես չի փոխվել եւ չի փոխվելու, որովհետեւ Ալիեւը տեսնում է՝ այն ամենն, ինչ առաջարկվելու է Հայաստանին, պաշտոնական Երեւանն ընդունում է՝ խուսափելով այն բոլոր հնարավոր ճնշումներից, որոնք որ իր վրա կան: Բացի դրանից, Հայաստանի իշխանությունները որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որը որ իրենց է դնում անվտանգ իրավիճակի մեջ, բայց ամբողջությամբ խորը վտանգների ու ռիսկերի մեջ է դրել ՀՀ թե հասարակությանը, թե, ընդհանուր առմամբ, պետության գոյությունը:
– Այս իրավիճակում, քաղաքական ուժերի կեցվածքը մի փոքր անընկալելի է. մտահոգվում են հարցազրույցներով, հայտարարություններով, ֆեյսբուքյան գրառումներով եւ այլն. գործողություն, փաստացի, քաղաքական ուժերը չեն անում ու շատերի մոտ տպավորություն է, որ համախոհ են, համահունչ են իշխանության գործողությունների հետ:
– Ես չեմ կարծում, որ համամիտ են եւ բացարձակապես չեմ կարծում, որ ինչ-որ սինխրոնիզացիա կա, բացարձակապես կբացառեմ դա, առավել եւս, որ հենց այս իրավիճակում քաղաքական շահերի ու քաղաքական մանիպուլյացիաների մասին խոսելու ժամանակը չէ: Ժամանակն է, որ յուրաքանչյուրն իր տեղում գործի իր հնարավորությունների չափով: Քաղաքական միտք արտահայտելու հնարավորությունները եղել են եւ դա արվել է վեց տարի: Մենք այնպիսի հանգրվանում ենք այսօր գտնվում, իմ համոզմամբ, որ քաղաքական ուժերը ոչ միայն հայտարարություններով պետք է հանդես գան, այլ ուղղակիորեն մոբիլիզացնեն սեփական ռեսուրները՝ այս արհավիքը կասեցնելու համար: Դա կլինի քաղաքական ելույթներով, քաղաքական մտքի արտահայտմամբ, թե այլ կերպ: Իմ խորին համոզմամբ, բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործել՝ այս ամենը կասեցնելու համար:
– Մենք, երբ խոսում ենք գործողությունների մասին, ի՞նչը նկատի ունենք, ի՞նչ գործողություն հիմա պետք է արվի:
– Վերջին շրջանում ես մի կոնցեպտ էի առաջարկել, որը որ ունի երեք հարթություն. հանրային գործողություններ, հոգեւոր գործողություններ եւ քաղաքական գործողություններ: Հանրային գործողությանը վերագրել էի հետեւյալը՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է արտահայտի իր կարծիքը, իր ընդվզումն այն ամենի մասին, ինչի հետ համաձայն չէ: Արտահայտվի իր միկրոմիջավայրում, իր շրջապատում՝ հարեւանների, ընկերների, բարեկամների մոտ ու դա պետք է կրի ձնագնդիի էֆեկտ: Որեւէ մեկն այս պարագայում չպետք է լուռ մնա եւ չեզոք կարծիք ունենա: Կարծում եմ, հանրության լայն շրջանակներում այս երեւույթն այլեւս թափ է հավաքում: Երկրորդ մակարդակում՝ հոգեւոր մակարդակում, ինչպես տեսնում եք, Հայ առաքելական եկեղեցին բավականին մեծ դերակատարություն ունի ճշմարտության, բարոյականության եւ ինչու ոչ, եկեղեցու առաքելությունն այն առումով է իրական դարձել, որ ունենալով ինստիտուցիոնալ դարավոր հիշողություն, եկեղեցում շատ լավ հասկանում են, թե ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած հայկական պետությունը, ուստի հանրային ընդվզմանը որոշակի բարոյական, ոչ թե քաղաքական, նաեւ հոգեւոր առաջնորդության ֆունկցիա է ստանձնել, ինչը ողջունելի է շատ: Երրորդ մակարդակը՝ քաղաքականն է եւ այդ մակարդակում, նրանք, ովքեր կոչված են քաղաքական գործունեություն ծավալել, նախորդ երկու՝ հանրային եւ հոգեւոր մակարդակների ճնշման արդյունքում պետք է փորձեն ունենալ դեղատոմսեր, առաջարկներ, փորձեն լիդերության գործառույթ ստանձնել եւ ինչ-որ չափով տանել նաեւ նախորդ երկու մակարդակներն իրենց ետեւից, որովհետեւ, այնուամենայնիվ, այս գործընթացն իր ողջ բնույթով քաղաքական է եւ քաղաքական դեղատոմսերը պետք է առաջարկեն եւ կարծես թե առաջարկելու են նրանք, ովքեր որ հետփաշինյանական Հայաստանում ստանձնելու են իշխանություն, փորձելու են լուծել օրակարգային՝ անվտանգային, հասարակական, քաղաքական, բարոյական խնդիրները, որոնք որ Փաշինյանի իշխանությունն ամբողջ խորությամբ եւ ուղղակիորեն ավերել է:
– Դուք տեսնո՞ւմ եք այդ ուժերին, անհատներին, կարո՞ղ եք մատնանշել, անուններ տալ:
– Համոզված եմ, որ ուժերն ու անհատները կունենան այդ դրսեւորումները՝ հենց գործողությունների, դիմադրության ընթացքում: Այդպիսի երեւույթները կան, առկա են եւ դեռ լինելու են:
– Հետփաշինյանական իշխանությունը կարողանալո՞ւ է ապօրինի սահմանագծման-սահմանազատման այս գործընթացը կասեցնել, ետ շրջել, թե՞ հիմա էլ այդ իշխանությունը պիտի ասի՝ եթե փորձենք ետ շրջել, պատերազմ ենք ստանալու:
– Պետք է տարբերակել ետ շրջելը եւ կասեցնելը: Կարծում եմ, քաղաքական պրագմատիզմը մեզ հուշում է, որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի անկումն այնպիսի մեծ արագությամբ է գնում, որ նույնիսկ այդ անկման կասեցումն «արդեն լավ» քաղաքական գործընթաց, «լավ» քաղաքական արդյունք կլինի: Հետ շրջումը շատ ավելի բարդ երեւույթ է եւ, կարծում եմ, որ քաղաքական-հասարակական շրջանակները պետք է կոնսոլիդացվեն մեկ մտքի շուրջ՝ այն պահին, որ պահին, որ այս իշխանությունն այլեւս իշխելու իրավասություն չի ունենա: Այդ պահից սկսած՝ Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում ընթացող այն գործընթացները, որոնք որ պարտադրանքի բնույթ ունեն, այլեւս հնարավոր կլինի կասեցնել:
– Վերջին շրջանում շատ են հանդիպում հայտարարություններ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը եկել է. դուք տեսնո՞ւմ եք, այդ իշխանության վերջը եկե՞լ է, մենք հիմա հետ հաշվարկի փուլո՞ւմ ենք:
– Ես կուզեմ լավատես լինել այդ առումով, կուզեմ, որ թե հանրային, թե քաղաքական գործընթացներն ընթանան այդ ուղով: Բայց նաեւ մեկ բան հստակ է՝ Փաշինյանի լեգիտիմության, նրա նկատմամբ հավատի, վստահության այս ռեսուրսով իշխանություն շարունակել, ուղղակի չի կարելի: Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ հանուն սեփական իշխանության պահպանման, Փաշինյանն այլեւս օրգանապես է մաշում Հայաստանի ռեսուրսը. ոչ միայն տարածքների հանձնման, այլ նաեւ քաղաքական, բարոյական, նույնիսկ պատմական տեսանկյունից, Հայաստանը գտնվում է մաշման ռեժիմի մեջ: Այսպիսի լեգիտիմության, հավատի բազայով, այնպիսի կոնցեպտների առաջարկով, որոնցով նա փորձում է իշխանություն պահել, թե քաղաքագիտական, թե բարոյական տեսանկյունից, չի կարող պահել իր իշխանությունը: Որքան որ ձգձգի իշխանապահպանումը՝ իր սեփական շահերից ելնելով, այնքան մաշվելու է Հայաստանը: Դա ուղղակիորեն պետք է կասեցվի:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
26.04.2024