Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Իշխանական ամբողջ համակարգին Փաշինյանի ուղերձն է. եթե իմ հետ եք, անպատժելի եք»

Ապրիլ 26,2024 23:32

2 տարի առաջ ապրիլի 26-ին, Երեւանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահվան ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջ՝ 29-ամյա Սոնա Մնացականյանին։

Այսօր Սոնայի հարազատները, ՍԺ ընդդիմադիր պատգամավորներ, հանրային գործիչներ, պարզապես քաղաքացիներ վթարի վայրում ծաղիկներ խոնարհեցին Սոնայի եւ նրա չծնված բալիկի հիշատակին։ Նրանց մեջ էր նաեւ «Ռազմինֆո» կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանը, որը օրվա խորհուրդի մասին իր մտորումներով կիսվեց Aravot.am-ի հետ։

«Այսօրվա խորհրդով մենք հիշում ենք ահավոր ողբերգության մասին։ Բայց օրվա խորհուրդը նաեւ քաղաքական է, որովհետեւ առաջին հերթին սա դժբախտ պատահար չէր, թեպետ իշխանական ամբողջ քարոզչամեքենան լծվել էր եւ մինչեւ հիմա էլ լծված է այն գործին, որպեսզի ներկայացնի, որ սա դժբախտ պատահար է։ Այն հոդվածները, որով դատվում է միայն վարորդը, խոսքն  ակնհայտորեն միայն դժբախտ պատահարի մասին չէ։

Երբ զոհվեց Սոնա Մնացականյանը, սկսեցին բավականին միֆեր տարածել։ Դրանցից մեկն այն էր, որ շարասյունը իրավունք չունի կանգնել, ինչը սուտ է։

Երկրորդը, իբր, չէին կարող կանգնել եւ օգնություն ցույց տալ եւ բազմաթիվ այսպիսի բաներ։

Ակնհայտորեն իշխանական շատ ուժեղ խրախուսմամբ հենց Սոնային մեղավոր կարգելու քարոզարշավ սկսվեց։ Ինչ սուտ ասես այդ աղջկա մասին տարածեցին։ Այս ամենը քաղաքական է։

Քաղաքական է նաեւ այն, որ ամեն ինչ արեցին, որպեսզի բարձրաստիճան մեղավորներին, օրինակ, շարասյան ղեկավարին, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի հրամանատարին ընդհանրապես այդ պատմությունից հանեն, որ մնա մի վարորդ, որն էլ ընդամենը մեկ, թե երկու օր է եղել մեկուսացված։

Ըստ էության, իշխանություններն այս ամբողջ պատմությունը քաղաքականացրին։ Եվ մենք հիմա գործ ունենք համակարգված, հետեւողական անպատժելիության հետ։

Սա ի՞նչ ուղերձ է իշխանության ամբողջ համակարգին, որը սպասարկում է Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձը հետեւյալն է. եթե իմ հետ եք, ուրեմն անպատիժ եք։ Իսկ սա այնպիսի հարց է, որը վերաբերվում է բոլորիս՝ ցանկացած քաղաքացու, որովհետեւ այդ օրը այդ տեղում կարող էր լինել մեզնից ցանկացածը։

Ամենավատն այն է, որ որեւէ եզրակացություն չի արվել։ Շարասյունը էլի ընթանում է նույն ձեւով։ Հենց այդ պատճառով էլ մենք այստեղ ենք, որպեսզի նախ չթողնենք, որ մոռացվի այս դեպքը, երկրորդ, արդարություն պահանջենք Սոնա Մնացականյանի, նրա չծնված երեխայի եւ նրա ընտանիքի համար, որոնք դատարաններում կռիվ են տալիս։ Եթե այս անպատժելիությունը շարունակվի, վաղը անարդարության անիվների տակ կհայտնվենք բոլորս՝ Տավուշից մինչեւ Մեղրի, Աշոցքից մինչեւ Երեւան ու ամենուր։ Մենք բազմաթիվ նման դեպքեր տեսնում ենք։ Ուղղակի այս մեկը ճչացող դեպք է։

Ոչ մի իշխանություն, բռնապետ այնքան ուժեղ չէ, ինչքան ներկայանում է, փորձում է համոզել, եւ որեւէ ժողովուրդ այդքան թույլ չէ, ինչքան  համոզում են։

Շատ կարեւոր է, որ հնարավորինս շատ մարդ ձայն բարձրացնի, մոբիլիզացվի իր պահանջների շուրջ»,-ասաց պարոն Վրթանեսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930