Ինչպես տեղեկացրել ենք, Կիրանցում ոստիկանության զորքերի սեւ բերետավորների եւ բնակիչների միջեւ բախումներ սկսվեցին եւ իրավիճակը կարողացավ հանդարտեցնել Բագրատ Սրբազանը: Բախումների ժամանակ պայթյունի ձայն լսվեց:
Հետո հայտարարվեց, որ լուսաձայնային նռնակ է եղել:
Բագրատ Սրբազանը հավաքվածներից հավելյալ ճշտեց. «Լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը, թե՞ ինչ էր, ոստիկաննե՞րն են նետել: Իրենք ասում են՝ մեր մոտ չկա նռնակ»:
Բնակիչները վստահեցրին. «Իրենք էին, խաբում են, Սրբազա՛ն»:
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանն ասաց, որ չգիտի՝ լուսաձայնայի՞ն էր, թե՞ ինչ էր ու դրան գնահատական չի կարող տալ: Մարդիկ ասացին. «Հա, հա, լուսաձայնային էր: Ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել»: Մեկն էլ ասաց տեսակը՝ «Շումավոյ էր»:
Ոստիկանները Սրբազանին ասել են, թե իբր նռնակը ուրիշների մոտ է եղել, իրենք չեն: «Ինչպես միշտ, խաբում են»,- ասացին կիրանցիները:
Ըստ Բագրատ Սրբազանի, ուզում էին վախեցնել, բայց տեսան, որ ոչ ոք չի վախենում, հայրենիքի ու իր տան համար ոտքի կանգնածը ոչ մի բանից էլ չի վախենում:
Նա կոչ արեց Կիրանցի բնակիչներին զսպել հույզերը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։
«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։