«Սա ստի մասին է, ճշմարտությունով ճնշեցիք՝ գնացին: Ո՞ւր է մարզպետը, բա ժողովրդին եկել էին ոստիկանները բռնի ուժով հանելու, ո՞ւր է, մենակ գալիս խոստումնե՞ր է տալիս»,- Կիրանցում ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, երբ իրավիճակը բախումներից հետո հանդարտվեց:
Նա ասաց, որ բնակիչները կադաստրային փաստաթուղթ ունեն, որը տվել է պետությունը. «Կիրանցի այս ժողովուրդը՝ երկիր ազատագրած, այսօր ինքն իրեն պաշտպանում է իր սեփական պետությունից, սա չլսված պատմություն է: Երեխեք ջան, էդ արցունքները, որ ձեր աչքերին են, դրա գինը պիտի վճարեն մարդիկ: Իրենք չգիտեն դա ինչ է, բայց պիտի վճարեն: Դուք մի բուռ ժողովուրդ եք, բայց ամբողջ աշխարհը խառնել եք իրար՝ Ամերիկա, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստանի կառավարություն, Եվրոպա: Լրիվ խառնել եք իրար հաշիվները: Խաբեությամբ, բռնությամբ, ամեն գնով փորձում են ինչ-բան անել: Այս գործընթացը պիտի կասեցվի: Պիտի տարածվի այս շունչը ամեն քաղաք, ամեն գյուղ, ամեն տուն, ամեն շեն, ամեն բնակավայր, ամեն դպրոց, ամեն համալսարան, ամեն ավտոբուս, ամեն միկրոավտոբուս, ամենուր: Կիրանցը Ոսկեպարը, Բաղանիսը, մեր գյուղերը 30 տարի շարունակ պահել են ամբողջ Հայաստանը՝ որպես սահմանապահ ժողովուրդ: Հիմա ամբողջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր սահմանապահ ժողովրդի իրավունքներն ու սահմանը»:
Կիրանցում է նաեւ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան սրբազանը եւ Ալավերդու նախկին քաղաքապետ Արկադի Թամրազյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ