Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։
Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մարզային այցի հաջորդ կանգառը Շիրակն էր։
Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունիզացիայի գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերին։
Կարդացեք նաև
Այնուհետև պատասխանատուներն այցելել են «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային Գյումրի կայան, որտեղ ներկայացվել է նոր ներդրվող կենտրոնացված ծառայության աշխատանքները, կարևորվել է միասնական շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և օպտիմալ կազմակերպման առանձնահատկությունները։
Նախարարը այցելել է նաև «Գյումրու բժշկական կենտրոն»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, որտեղ ներդրվել է արհեստական սերմնավորման կաբինետ։
Այնուհետև շրջել են նոր վերանորոգված ինֆեկցիոն բաժանմունքում, որից հետո հետևել են բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին. այդ նպատակին ՀՀ Կառավարությունը հատկացրել է 163 մլն դրամ։
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ