Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց էր գնացել՝ բնակիչներին համոզելու, որ ճանապարհը բացեն, քարտեզագրողները գան: Մեքենաներով շարվել էին տարածքում: Բնակիչները պայքարում էին:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց. «Ամբողջ գործընթացը ծայրից ծայր անօրինական է, սա տեղի է ունենում ՀՀ օրենքներին եւ միջազգային սկզբունքներին հակառակ: Այս գործընթաց ապօրինի է, դրա համար էլ խառնված ենք իրար, դրա համար էլ երկու օրը մեկ խաբեություն է լինում: Ասում են՝ այսպես կլինի ու լրիվ ուրիշ բան են անում: Ու դուք հա՞րց եք քննարկում, քանի՞ անգամ պիտի խաբվեք: 2021-ին ձեզ ասե՞լ են, որ այս գյուղի գծերը բաժանվելու են, ասվե՞լ է: Դուք քանի՞ անգամ եք ուզում ինքներդ ձեզ խաբեք, ժողովուրդ»:
Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանն ասաց, որ առաջարկ կա պատուհան բացեն, քննարկեն, բայց պայման կա ոչ մի նկարող չլինի: Բնակիչները չհամաձայնեցին:
Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը, ներգրավեցին մեծ թվով սեւ բերետավորների: Տեղի ունեցան բախումներ ու ծեծկռտուք: Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Բագրատ Սրբազանը դիմեց ժողովրդին. «Ժողովուրդը պայման է դրել, որ մեքենաներից դուրս գան, տեսնեն ովքեր են այդ մեքենաների մեջ, պայմանը կատարվե՞լ է»: Մարդիկ բղավեցին՝ ոչ:
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանն ասաց. «Բերետավորներին բերեցիք, որ վախեցնե՞ք»:
Նա Կիրանցի բնակիչներին հարցրեց, թե ի՞նչ պայման ունեն, որ հարցը հանգուցալուծում ստանա, նրանք պատասխանեցին՝ թող գնան, էլ հետ չգան. «Մեր հայկական տարածքները մնում են հայկական, չկա՛ այստեղ Ադրբեջան»։
Ի վերջո սեւ բերետավորները նահանջեցին:
Բագրատ Սրբազանը Կիրանցի բնակիչներին շնորհակալություն հայտնեց ու օրհնեց. «Շատ ապրեք, այսքան զգայուն եք, այսքան գիտակից եք, հայրենասեր եք ու հայրենիք ունեք: Դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակները, շատ երկար: Շատ ճիշտ պահեցիք ձեզ, ոչ մի սադրանքի չենթարկվեցիք, միայն ցույց տվեցիք, որ դուք այս պետության իրական տերերն եք ու այդպես պիտի լինի: Թող տեսնեն Հայաստանի բոլոր անկյուններում այս հաղթանակը Կիրանցի ժողովրդի: Թող բոլորը տեսնեն, որ այս հերոսական ու միեւնույն ժամանակ խաբված ժողովուրդը ինչպես կարող է իր իրավունքներին տեր կանգնել՝ անկախ բոլոր տեսակի վախերի, նվաստացումների, անօգնականության պատրանքի»:
Նա հորդորեց ճանապարհը բացել, որ ոստիկանները հետ գնան. «Այդպես վախկոտ, գողեգող եկել եք, գողեգող էլ գնացեք: Գողեգող եկել եք մտել եք գյուղեր, գողեգող էլ գնացեք: Բոլորին սարքել եք հայրենավաճառ, հոգիավաճառ: Էս ժողովրդի ոտքերը պիտի լվաք, ջուրն էլ չեմ ասի ինչ անեք, հազար ամոթ ձեզ»:
Ի վերջո, իրավիճակը հանդարտվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ