Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ 1991-ից ի վեր Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխան տարածքի օկուպացված որոշ հատվածներ առանց արյունահեղության․ ՀՀ-ն համաձայնել է սահմանազատման»․ Ռահման Մուստաֆաևը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ապրիլ 26,2024 21:34

«Ուզում եմ տեղեկացնել՝ առաջին անգամ 1991-ից ի վեր Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխան տարածքի օկուպացված որոշ հատվածներ առանց արյունահեղության։ Անցյալ շաբաթ Հայաստանը համաձայնեց այդ տարածքի հատվածում իրականացնել սահմանազատում և սահմանագծում և Ադրբեջանին վերադարձնել 4 գյուղեր, որոնք օկուպացված էին 1992-ից»,-ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի համաներկայացուցիչ Ռահման Մուստաֆաևը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որն իրականացվում է Տավուշում։

Ադրբեջանի ներկայացուցիչը փորձեց դատարանին համոզել, որ «այս զարգացումները ցույց են տալիս, որ բանակցությունները երկու կողմերի միջև կարող են բերել դրական արդյունքների»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի շահերը պաշտպանող փաստաբանները ՄԱԿ-ի դատարանին փորձում էին համոզել, որ Հայաստանի առարկություններն անհիմն են։

Փաստաբան Լորանս Բոսոն Շազունն էլ փորձում էր դատարանին համոզել, որ հայկական կողմը մի շարք գործողություններ է իրականացրել, որոնք վնաս են հասցրել նաև շրջակա միջավայրին, և որ ադրբեջանցիները ենթարկվել են խտրականության, քանի որ նրանք էթնիկ ադրբեջանցիներ են․ «Հայաստանի մշտական նպատակն է եղել խոչընդոտել էթնիկ ադրբեջանցիներին իրենց ծննդավայր վերադառնալու հարցում։ Այն, որ ադրբեջանցիներին թույլ չի տրվել վերադառնալ իրենց ծննդավայր, չի նշանակում, որ նրանք չեն ենթարկվել խտրականության, կամ նրանց իրավունքները չեն ոտնահարվել, ինչը փորձում է Հայաստանն ապացուցել։ Նրանք չեն կարողացել իրենց ծննդավայրեր՝ օկուպացված ութ շրջաններ վերադառնալ, որովհետև նրանք էթնիկ ադրբեջանցիներ են։ Երկրորդ՝ ուշագրավ է այն, որ նրանց իրավունքները ոտնահարվել են՝ նաև նրանց ծննդավայրերի շրջակա միջավայրին վնաս հասցնելով։ Ներկայումս էլ այդ տարածքները հակասանիտարական վիճակում են, և էթնիկ ադրբեջանցիների վերադարձի իրավունքը խախտված է»։ Փաստաբանը դատարանին համոզում էր, որ հայերը հիդրոէլեկտրակայաններ են կառուցել Քարվաճառում, որպեսզի Ադրբեջանը չկարողանա օգտագործել ջրի այդ պաշարները և այլն։ Ըստ նրա՝ սա խտրական վերաբերմունք է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930