Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե ձեր ախպերներն են, դուք ականները հանեք, հանգիստ նստեք, մեզ են մորթելու». Կիրանցի բնակիչները՝ մարզպետ Ղալումյանին

Ապրիլ 26,2024 21:10

Ինչպես տեղեկացրել ենք, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպեց Կիրանցի ճանապարհը փակած բնակիչների հետ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ սահմանազատման, սահմանագծման այս գործընթացն ապօրինի է ու իրենք պահանջում են, որ նախ ադրբեջանցիները Ջերմուկից «ռադ լինեն». «Չկա որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը չի դրժի իր խոստումները եւ հաջորդ անգամ չի հարձակվի այս տարածքներն օկուպացնելու: Դա խոստովանել է նաեւ երկրի վարչապետը: Որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը վաղը հարձակում չի գործելու այլ տարածքների վրա: Ադրբեջանը մինչ այսօր իր բոլոր խոստումները խախտել է, ցեղասպան, հանցագործ է, այս իշխանությունները իրավունք չունեն իրականացնել ոչ լեգիտիմ գործընթաց: Սա պետք է դրվի հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի: 2018-ին ասում էին՝ ժողովուրդն է որոշելու: Ժողովուրդը եթե որոշի, որ իր համաձայնությունը տալիս է, դա կհամարվի օրինական իսկ այն, ինչ հիմա անում են, օրինականության հետ որեւէ աղերս չունի: Մենք այն որոշումը չպիտի կայացնենք, որ վաղը մյուս օրը մեր սերունդները այստեղ վախի մթնոլորտում ապրեն: Ասում էին՝ նշաձողն իջացրեք, նշաձողն իջացրեցին գնացին փռթեցին էդ մարդկանց, ո՞ւմ հավատան հիմա: Այս մարդկանց անվտանգության հարցն է»:

Բնակիչները բղավում էին՝ անվտանգության հարց չի սա միայն, մեր զինվորների արյունով գծված տարածքներն են: Ղալումյանը փորձեց հանգստացնել, բնակիչներն ասում էին. «Դե ձեր ախպերներն են, դուք ականները հանեք, հանգիստ նստեք, մեզ են մորթելու»:

Ղալումյանն ասաց, թե ոչ մեկը ական չի հանել: Նրան հակադարձեցին՝ «բա էն ո՞վ էր տրաքել Բերքաբեր գյուղում՝ Գեւորգ Մարդանյան ազգանունով՝ 1980-ին ծնված, էնպես չի, որ մենակ դուք ինֆորմացիա ունեք»:

Ղալումյանն էլ իրեն ուղղեց՝ ասելով, որ Կիրանցի հատվածում ականազերծում չի եղել, դա եղել է Ոսկեպարում:

Բնակիչները Ղալումյանի հետ վիճում էին՝ խոստումները չպահելու համար. «Դուք չէի՞ք եկել ու ասում էիք, թե աշխատանք չի կատարվի,  մինչեւ Մհեր Գրիգորյանը չգա, չհանդիպի, բայց շաբաթ առավոտը Խանումը վեր է կացել ու տեսել՝ իր հողամասի կողքը չափագրում են: Դո՞ւք չէիք»:

Մարզպետն էլ պատասխանեց, թե ինքը գիշեր-ցերեկ ինչ հնարավոր է՝ անում է:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930