Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցին՝ Տավուշի մարզպետին. «Մենք պատրաստ չենք առավոտը արթնանանք, տեսնենք Ադրբեջանի դրոշը մեր աչքի դեմը»

Ապրիլ 26,2024 20:48

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցում հանդիպեց բնակիչների հետ:

Ճանապարհը փակած մարդիկ բացատրեցին, թե ինչի համար են պայքարում՝ «չենք ուզում մեր ապրած հողի վրա ադրբեջանցի գա»:

Մարզպետն ասաց. «Քո կարծիքով, նաեւ ինձ ճանաչելով՝ ո՞նց եք պատկերացնում դա: Քարտեզով տենանք, որը ոչ իմ պապն է գծել, ոչ քո պապն է գծել, հասկանանք ինչ է ընկնում, գանք ասենք՝ ժողովուրդ ջան, ընկնում է այս մի հատվածում, կամ չի ընկնում: Մինչեւ առ այս պահը ժողովրդից թաքցրած ոչ մի բան չկա: Ես ձեզ հետ 7-8 ժամով նստել եմ, խոսացել, կատակ արել: Համլետ ջան, մենք վերջնական էդ պատկերացումը չունենք»: Բնակիչ Համլետը ու մյուսները սկսեցին վիճել, թե՝ եթե ոչ մի բան որոշված չի, ինչո՞ւ են սյուներ տեղադրել:

Ղալումյանն ասաց. «Հայտարարվել է, կառավարության կայքում էլ կա, որ սահմանագիծը 91-ի քարտեզի հիման վրա է որոշվելու: Եկել եմ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, իզուր մի վրդովվեք, ձեր պատկերացումները, որոնք գոյություն ունեն ու ձեր փաստաթղթերը, որոնք կան, հիմնավոր են, ես անձամբ ներկայացնում եմ հանձնաժողովին»:

Ղալումյանն ասաց, թե ժողովրդի հետ պայմանավորվել է, խոսել է, հետո եկել տեսել՝ ճանապարհը փակել են. «Էսօր կառավարության մակարդակով ամեն ինչ արվում է, որ այս հարցը լուծվի»: Կիրանցի բնակիչները վրդովված էին, ասում էին՝ «մենք մեր ճամփեքը ու մեր սահմանը լավ գիտենք, էդ ձորերում ենք մեծացել, մենք մանկություն ենք ապրել էստեղ, պատմություն ունենք, ցավներդ տանեմ»:

Համլետը, դիմելով մարզպետին, ասաց. «Մենք պատրաստ չենք առավոտը արթնանանք, տեսնենք Ադրբեջանի դրոշը մեր աչքի դեմը, էս գյուղի խնդիրը սա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930