Լրահոս
Օրվա լրահոսը

Պուրակ ու արվեստի դպրոցի դահլիճ Գյումրիում` Վլադիլեն Բալյանի անունով

Ապրիլ 26,2024 20:40

Այս տարի լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու հիմնի երաժշտության հեղինակ Վլադիլեն Բալյանի 100-ամյակը: Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճի և Ռուսթավելի փողոց 5 հասցեի պուրակի անվանակոչությունը:

Մինչ դպրոցում կազմակերպված միջոցառումը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ողջույնի իր խոսքում հակիրճ անդրադարձ կատարեց Վլադիլեն Բալյանի գործունեությանն ու հայկական մշակույթում թողած ժառանգությանը, ներկայացրեց իրադարձությունների նախապատմությունն ու միաժամանակ շնորհակալություն հայտնեց համայնքային իշխանություններին՝ Վլադիլեն Բալյանի որդու՝ Կարեն Բալյանի հետ ունեցած հանդիպման շրջանակներում քննարկված ծրագրերի իրականացման համար տրված հնարավորությունների և միջոցների համար:

Դահլիճի բացման պատիվը տրվեց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանին և Վլադիլեն Բալյանի որդուն՝ Կարեն Բալյանին, որին հաջորդեցին արվեստի դպրոցի սաների կատարումները. միջոցառման շրջանակներում հնչեցին Բալյանի ստեղծագործությունները:

Արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառումից անմիջապես հետո հյուրերը շարժվեցին դեպի պուրակ:

Ցուցանակի բացմանը հաջորդեց միջոցառում. այստեղ ևս հնչեցին Բալյանի ստեղծագործությունները՝ այս անգամ արդեն Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի կատարմամբ. «Մեզ համար շատ կարևոր է առնվազն հոբելյանական տարեթվերին ևս մեկ անգամ փաստելու, խոսելու, որ գիտենք, ճանաչում ենք և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեր մեծերին իմանան, ճանաչեն և շնորհակալ լինեն նաև սերունդները»,-իր խոսքում ընդգծեց Լ. Թովմասյանը, ապա խոսքը փոխանցեց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանին:

Վլադիլեն Բալյան-Հովհաննես Շիրազ աշխատանքի և Գյումրու հիմնի մասին խոսելուց հետո Լ. Սանոյանը ներկաներին փոխանցեց նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ուղջույնի խոսքը, ապա ընդգծեց. «Բալյանն այն մարդկանցից է, ովքեր նախընտրում են իրենց հաջողությունների, կատարած աշխատանքի մասին խոսել օրինակներով: Նրա անուրանալի ներդրումը հայ երաժշտության մեջ խորն ու մնայուն է: Նրա ստեղծագործությունները՝ տոգորված հարուստ մեղեդիներով և խոր զգացմունքային հնչեղությամբ, գերել և հիացմունք են առաջացրել յուրաքանչյուրիս մոտ: Վլադիլեն Բալյանի ստեղծագործություններ մեր երկրի հարուստ մշակութային ժառանգություններն են, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ՝ իրենց ուրույն հետքը թողնելով յուրաքանչյուրի հոգում»:

Ներկաներին ողջունել ու իր շնորհակալության խոսքն է հղել Կարեն Բալյանը, ապա ավելացրել. «Գյումրին հայրիկիս համար շատ թանկ քաղաք էր, շատ թանկ մարդիկ էին գյումրեցիները: Իր կյանքի 97 տարիներից ընդամենը երկուսն է նա այստեղ ապրել, բայց դա բավական էր, որպեսզի ինքն ամբողջովին լցվեր այդ սիրով քաղաքի հանդեպ ու, կարծես թե, այդ սիրո զգացմունքով գյումրեցիները պատասխանել են իրեն»:

Տոնական օրվա միջոցառումները եզրափակվում են Գյումրու Կամերային Դահլիճում՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբի համերգով:

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930