Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Անգամ բոլշեւիկները, որ վերաձեւում էին քարտեզը, հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է գոնե ինքնավար մարզի կարգավիճակ ունենա»

Ապրիլ 26,2024 19:05

Ելույթ ունենալով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կազմակերպված միջազգային կոնֆերանսում՝ ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, դիմելով ներկաներին, ասաց. «Օրն այնքան էլ բարի չէ ամբողջ աշխարհի հայերի, ամբողջ աշխարհում հայերի բարեկամների համար։ Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչման օրն է։ Պետդուման 1995 թվականին ընդունել է այդպիսի որոշում, եւ այդ պահից Ռուսաստանը տեղ է զբաղեցրել ցեղասպանության փաստը ճանաչած երկրների ցուցակում։ Այդ ցուցակում կան տարբեր մասշտաբի ու տրամաչափի, միջազգային հարաբերություններում տարբեր դիրքեր զբաղեցնող երկրներ։ Բայց կա նաեւ ցեղասպանությունը չճանաչած երկրների ցուցակ։ Ու, ցավոք սրտի, Կովկասում հայերի հարեւաններ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն էլ պատրաստվում ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Բայց մենք կարդացինք Թուրքիայի նախագահի ուղերձը, որը, փորձելով նույն հարթության վրա դնել Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածը, առաջին համաշխարհային պատերազմում կատարվածը ներկայացնել որպես փոխադարձ տեղի ունեցած ինչ-որ բան։ Բայց իրականում իշխանության կողմից դա հայ ազգաբնակչության պլանավորված ոչնչացում էր։

Բայց ես ցանկանում եմ հիմա հեռու մնալ հարյուրամյա վաղեմության իրադարձություններից եւ ասել այն, ինչ այսօր կատարվում է մեր աչքի առաջ։

Կարելի է գտնել բացատրություններ, թաքցնել ինչ եղել է, սակայն հայ ազգաբնակչության տեղահանումը Արցախից հայերի ցեղասպանության տարրեր է պարունակում, որը ի ամոթ մեզ, տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ։ Ես ամաչում եմ պետդումայում իմ այն գործընկերների համար, որոնք բարբաջում են, թե դա պատմական արդարության ակտ եւ տարածքային ամբողջականության վերականգնում էր։

Ես տարածքային ամբողջականության հարցերին չեմ անդրադառնում։ Դրա «փորձագետ» կա՝ պարոն Փաշինյանը, որը բոլորին պատմել է, թե որն է Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ շարունակում է գնալ այդ ուղով։ Իմ կարծիքով, դա խորապես ներհայկական հարց է առաջին հերթին, թեեւ նաեւ ոչ միայն հայկական է, թե հետագայում ինչ եւ ինչպես կլինի, որ ուղղությամբ կընթանա Հայաստանը։

Բայց ես, հակառակ նրան, որ առավոտից երեկո կարդում եմ ադրբեջանական կայքերում, բլոգերում իմ մասին, իսկ որոշ ժամանակ առաջվանից սկսված նաեւ հայկական կայքերում պարոն Փաշինյանի համախոհների կողմից, որն արգելել է իմ մուտքը Հայաստան 2022 թվականին, ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորել Ադրբեջանի ժողովրդին, որին երջանկություն եւ բարեկեցություն եմ ցանկացել։

Եվ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում միշտ հանդես եմ եկել արդարության դիրքերից, դրա լուծումը տեսել եմ միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչման լույսի ներքո։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի գոյություն ունենալ անկախ կարգավիճակով եւ վերադարձնել այն տարածքների մի մասը, որը Ղարաբաղի սահմանի երկայնքով 1994 թվականին հայտնվել էր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ես 20 տարի այդ գաղափարով եմ հանդես եկել։ Դա ոմանց, իհարկե, դուր չի եկել Հայաստանում եւ Ադրբեջանում, սակայն ես երբեք ինձ թույլ չեմ տվել վիրավորել ժողովուրդներին։ Բայց այս հարցում ես փոխադարձության չեմ հասել։

Ամենակեղտոտ վիրավորանքները հոսում են գետերով։ Կարծում եմ, դրանով զբաղվող մարդիկ իրենք իրենց են մերկացնում։
Ես պնդում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել սկսած 2020 թվականի առաջին պատերազմից, այնուհետեւ 2023 թվականին, վերջնական փուլում, ողբերգություն է, եւ այդ պատմությունը չի կարող հենց այնպես մոռացվել։ Այն ապագայում անպայման հետեւանք ունենալու է։

Անգամ խորհրդային տարիներին, երբ բոլշեւիկները վերաձեւում էին ռուսական կայսրության քարտեզը, նրանք հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում գոնե ինքնավար մարզի կարգավիճակ ունենա, որովհետեւ դա իրենց պատմական հողերում ապրելու, իրենց երեխաներին դաստիարակելու եւ այն եկեղեցիներն այցելելու իրավունքի երաշխիքն է, որոնք այսօր կոչում են ալբանական։ Դուք, հավանաբար գիտեք, որ Դադիվանքն այսօր արդեն Դադիվանք չէ։ Դրա ալբանական անունը կդժվարանամ ճիշտ արտաբերել»,-ասաց ռուս պատգամավորը։

Նա նաեւ անդրադարձավ Ալեն Սիմոնյանի՝ Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում արած հայտարարությանը, թե Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Նա մոռացել է տալ նաեւ Ադրբեջանի անունը։ Ես կարծում եմ, որ սա այսօրվա Հայաստանը չէ, սա Հայաստանի իշխանությունն է։ Բայց նա իր խոսքում հարձակվեց Ռուսաստանի վրա, որն ըստ նրա, ահաբեկում է հայ հասարակությանը, միջամտում ներքին գործերին եւ իրենք ստիպված են արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Եվ նա դա ասում էր իր համար հարմարավետ, ռուսատյաց լսարանի առջեւ։ Ու այդ մարդն այսօր Հայաստանի ԱԺ նախագահն է»,-ասաց բանախոսը։

Կոնստանտին Զատուլինը հիշեց 2020 թվականին Ալեն Սիմոնյանի հետ կապված մի պատմություն։ «Երբ ես Հայաստանում էի, նա ինձ կենտրոնական հրապարակից ոչ հեռու մի վայրում ընթրիքի հրավիրեց։ Ընթրիքի ավարտից հետո, երբ ես պատրաստվում էի գնալ, նա ինձ խնդրեց միասին քայլել հրապարակում։ Եվ երբ հետաքրքրվեցի, թե ինչու, ասաց՝ դուք ճանաչված եք Հայաստանում, եւ ես ցանկանում եմ ձեր կողքին լինել Երեւանում քայլելիս»,-պատմեց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի պարոն Զատուլին, չե՞ք մտածում արդյոք, որ փաշինյանը, ալեն սիմոնյանը, սուրեն պապիկյանը, արարատ միրզոյանը կատարում են Կրեմլի հատուկ հանձնարարությունները՝ թուլացնելով Հայաստանն այնքան, որ ադրբեջանական բանակի նոր հարձակումից հետո (իհարկե թուրքական բանակի աջակցությամբ) Հայաստանի ռազմա-տնտեսական վիճակն այնքան ծանրանա, որ նա ստիպված լինի միանալու Ռուսաստան-Բելառուս միությանը, որպեսզի Կրեմլը ալիբի ունենա աշխարհին ասելու «Не виновата я, он сам пришел».

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930