Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավակա՛ն է, ի՞նչ է ձեր ուզածը, Նիկո՛լ, չե՞ք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել». Նորիկյանի ցույցը հրապարակում

Ապրիլ 26,2024 18:50

«Մեր երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր քաղաքական իրավիճակում: Գործող իշխանությունները մեկնարկել են մի գործընթաց, որը բառիս բուն իմաստով հակասահմանադրական է»,- այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նա հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ մասնավորապես ասվում է, որ ապրիլի 19-ին ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությամբ, ըստ էության, մեկնարկել է երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը. «Ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է սահմանային 20 սյուն, այսինքն, առանց ԱԺ-ի վավերացման, տեղի է ունենում սահմանազատման գործընթաց»:

Նորիկյանն ասաց, որ երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը պարտադիր ենթակա են վավերացման: Ու եթե դա չեն անում, պետք է հիմնավորեն, որ դա միջազգային պայմանագիր չէ:

Նա նաեւ նշեց. «Արդար Հայաստան» կուսակցությունը ՀՀ կառավարությունից պահանջում է Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը դադարեցնել, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է, Ադրբեջանը ստանում է տարածքներ, Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիեւի ողորմածությանը… Բավակա՛ն է։ Ի՞նչ է Ձեր ուզածը, Նիկո՛լ։ Չե՞ք տեսնում, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ Դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել, չե՞ք հասկանում, որ Դուք ի վիճակի չեք կատարել Ձեր թիվ մեկ ու հիմնական առաքելությունն ու սահմանադրական պարտականությունը՝ ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»։

Նորայր Նորիկյանն ասաց, որ վաղը մեկնելու են Տավուշի մարզ՝ բնակիչների հետ քննարկելու իրավիճակը. «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ գործող իշխանությունը սպառել է իրեն, որեւէ համակարգային ոլորտում չի կարողանում արդյունավետությամբ աշխատել, որի արդյունքում Հայաստանը վերածվել է մանրադրամի՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար: Մեր ժողովուրդը արժանի է ունենալ ավելի լավ իշխանություն: Մեր ժողովուրդը արժանի է ունենալ խաղաղություն, բայց այդ խաղաղությունը գին ունի, որը չպետք է շփոթել արժանապատվության, ինքնասիրության նսեմացման ու ստորացման հետ: Աշխարհի բազմաթիվ պետություններ պարտություն են կրել, բայց արժանապատվորեն ոտքի են կանգնել ու բռնել զարգացման հունը: Պատերազմից անցել է 4 տարի, գործող իշխանության պարագայում չի հաջողվում շտկել մեր ջարդված մեջքը: Չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր լինել ապահովել արդյունավետություն, ապահովել համակարգային բարեփոխումներ»:

Ըստ Նորիկյանի, 6 տարի այս իշխանավորները ժողովրդին պահել են «ներկա-նախկին» խոսույթով, 6 տարի սեւերի ու սպիտակների բաժանելուց հետո հիմա էլ ժողովրդին բաժանել են արեւմտամետների ու ռուսամետների:

Լրագրողները Նորիկյանին հացրեցին՝ եթե ԱԺ-ն վավերացնի այդ փաստաթուղթը, գործընթաց կդառնան օրինակա՞ն՝ նա պատասխանեց. «Մենք ի սկզբանե ուզում ենք արձանագրել, որ այս պահին ինչ կատարվում է, ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով է»:

Նորիկյանը նշեց, որ վարչապետի ու կառավարության պաշտոնյաների գործողություների սահմանադրականության հարցը ուզում են վիճարկել դատարանում, նաեւ չեն բացառում, որ քրեաիրավական հարց լինի դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930