Երեկ ի սատարումն տավուշցիների՝ Գյումրի-Երևան ավտոմայրուղու Մարալիկի հատվածը փակելուց հետո շիրակցիները ժամը 16․00-ի սահմաններում ինքնաբուխ ցույց անցկացրեցին Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում։
Ցույցն արտառոց էր նրանով, որ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու հատվածում ցուցարարներին միացել էին ֆերմերները՝ իրենց գյուղտեխնիկայով՝ կոմբայններով ու էվակուատորներով փակելով ճանապարհը։
Aravot.am-ի հետ զրույցում ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց, որ ճանապարհը մեկ ժամ շարունակ փակ են պահել, բայց ավտոմեքենաների վարորդներից ոչ մեկը չի դժգոհել, հակառակը՝ կանգնել ու իրենց աջակցությունն են հայտնել։
Ըստ Գևորգ Ավագյանի, իրենց հետ բանակցելու էին եկել Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետը, ինչպես նաև բոլոր բաժանմունքների ոստիկանապետերը։
Կարդացեք նաև
Ոստիկաններն առգրավվել են 5 էվակուատորներ՝ տանելով տուգանային հրապարակ։
Նրանք թեև խոստացել էին երեկ երեկոյան վերադարձնել դրանք, սակայն մինչ այս պահը խոստումը կատարված չէ։
«Գուցե մտածում են՝ էվակուրատորները իրենց մոտ պահելով՝ մեզ կլռեցնե՞ն, ասենք, որ չենք լռի, լռելու տեղ չի մնացել։ Մենք ֆերմեր ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, դա մեզ հետաքրքիր չէ, մեզ մեր հայրենիքն է հետաքրքիր։
Բա՛վ է, հայրենիքի տարածքից հողեր հանձնողը վերջապես պիտի ինքնասիրություն ունենա ու օր առաջ հրաժարական տա։ Մեր պահանջը սա է», -ասաց ֆերմերը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ