ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Եվրոպական միության ներկայությունը տարածաշրջանում:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը` հատկապես դժվարին ժամանակահատվածում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Տիգրան Աբրահամյանն էլ բարձր է գնահատել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ ԵՄ ջանքերը:
Պատգամավորները խոսել են Լեռնային Ղարաբաղից հայաթափված ժողովրդի, նրանց խնդիրների եւ Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի կարեւորության մասին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին` ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են դրա վերաբերյալ իրենց տեսակետը, որը, ըստ իրենց, տարբերվում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումից:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը կարեւորել է խորհրդարանի հետ հարաբերությունները: Նա խոսել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունից, ներկայացրել մեր երկրում ԵՄ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը:
Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանված բնակչությանը` Վասիլիս Մարագոսը նշել է. «Մենք փորձել ենք նրանց կարիքները հասցեագրել հումանիտար աջակցություն տրամադրելու միջոցով: Մինչ այժմ ԵՄ անդամ պետությունները եւ եվրոպական հաստատություններն ավելի քան 60 մլն եվրո աջակցություն են տրամադրել այդ կարիքների համար»:
Խոսելով սահմանազատման եւ սահմանագծման հարցից` հյուրը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին:
Հանդիպմանը հայ խորհրդարանականները խոսել են նաեւ մեր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների մասին:
ԱԺ