Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ խփեցին, ես հետ եմ հրել». Մասիսի դպրոցի ուսուցչուհին, որին մեղադրում են երեխաներին հայհոյելու ու ծեծելու մեջ ազատվեց աշխատանքից․ Civilnet

Ապրիլ 26,2024 18:13

 Civilnet. Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։ ՍիվիլՆեթը զրուցել է դպրոցի տնօրենի, որոշ աշակերտների ծնողների, նաև՝ ուսուցչուհու հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել։ Ուսուցչուհին հերքում է իր մասին շրջանառվող այդ լուրերը։ Տնօրենը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այսօր՝ ապրիլի 26-ին, իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի խոսքով՝ ուսուցչուհին 2021 թվականից է աշխատում իրենց դպրոցում և «միշտ խնդիրներ է ունեցել երեխաների հետ»։

«Եթե առանձնացնենք, որ զուտ արցախցիների հետ է կապված՝ ոչ, բոլորի հետ նա անկախ տարիքից միշտ ունեցել է խնդիրներ ու այս տարի ընդունվել է վեց ժամով աշխատանքի։ Արցախից ընդունված երեխաների հետ կապված, մեր հիմնական ուսուցչի տեղափոխության հետ կապված ժամեր ավելացան, դե բնականաբար որպես հիմնական մասնագետ, ես նրան ժամեր տվեցի։ Արդեն, բնականաբար, շատ ժամեր, երեխաներ՝ շփումը չստացվեց։ Մենք երևի այսպիսի խառնաշփոթում ենք դեկտեմբեր ամսից»,- պատմում է տնօրենը։

Նարինե Բարսեղյանի խոսքով՝ մինչև այս վերջին դեպքը այլ երեխաների չէր հարվածել։ Ապրիլի 22-ին է տեղի ունեցել երեխային ոտքով հարվածելու դեպքը՝ 8բ դասարանում։ Այդ ժամանակ տնօրենը դասալսման էր։ Հետո է երեխան նրան պատմել տեղի ունեցածը։

Ինչպես հաստատում են մեր զրուցակիցները՝ ոստիկանություն բողոք առաջինը ներկայացրել է ուսուցչուհին՝ հայտնելով, որ «երեխաները իրեն վիրավորում են, իր մարմնի տարբեր մասերին ձեռք են տալիս»։

Արև Վրացյանը բողոք է ներկայացրել է արցախցի երեք երեխայի դեմ։ Արցախցի երեխայի ծնողն էլ իր հերթին է բողոք ներկայացրել ոստիկանություն՝ երեխային հարվածելու դեպքով։

Մենք նաև կապ հաստատեցինք ուսուցչուհու հետ, որը հերքեց իր մասին շրջանառվող լուրերը, թե վիրավորում է երեխաներին ու հարվածում։

«… Ինձ դասապրոցեսին դնում են երեխաների միջոցով անելանելի վիճակներում, շատ ժամանակ լացս զսպած դասեր եմ վարում, երեխաները իրենց պահում են շատ վատ, աննկարագրելի, ես դիմում եմ տնօրենին, դասղեկին, ոչինչ չի փոխվում, շատ դեպքերում եթե նման բաներ են լինում, երեխաներին տանում են բաժին, ոստիկան է գալիս, տեսուչին նկատի ունեմ, անչափահասների տեսուչը, կարգի են հրավիրում, նկատողություն են անում բանավոր, գրավոր, իմ դեպքում ոչինչ չի արվում։ Թույլ չեն տալիս… »,- ասում է ուսուցչուհին։

Ուսուցչուհին պնդում է, որ երեխան է իրեն խփել, ինքն էլ հրել է երեխային։ «Հետ եմ հրել հարվածից պաշտպանվելու համար, և անվայել բառեր եմ լսել՝ ցենզուրայից դուրս, ինձ թույլ էլ չեմ տալիս կրկնել։ Ինձ խփեցին, ես հետ եմ հրել»,- ասաց Արև Վրացյանը՝ հավելելով, որ իր «բառապաշարում վիրավորանք չկա»։

Տնօրենի խոսքով՝ ապրիլի 26-ին իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։

Սիրանուշ ԱԴԱՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930