«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, գոբելենագործ, մանկավարժ Սոնա Բանոյանն ապրիլի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը հանդիպել են գրադարանի մանուկ և պատանի ընթերցողների հետ, անցկացրել՝ քննարկումներ ու վարպետության դասեր։
Ծրագրի առաջին օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրել են «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթին, ներկայացրել հեքիաթի ուղերձները, քննարկման միջոցով լսել հեքիաթի վերաբերյալ երեխաների ընկալումներն ու պատկերացումները:
Նկարչության վարպետության դասի շրջանակում դասընթացավար Սոնա Բանոյանի հանձնարարությամբ երեխաները նկարել են իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի հեղինակած դիմանկարները: Այնուհետև այն հարստացրել են իրենց համար կարևոր կերպարի ներկայությամբ և հայկական մանրանկարչության զարդանախշերով պատկերել ընտրված հերոսների հագուստները։
Հանդիպման շրջանակում՝ դասընթացավարները երեխաներին ներկայացրել են նաև Եվրոպա աշխարհամասի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ, զուգահեռ ցուցադրել եվրոպական պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրերի վերաբերյալ սահիկաշար։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում երեք օր շարունակ` ապրիլի 25-27-ը, Աչաջուրի գրադարանի մանուկ և պատանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կտեղեկանան եվրոպական մշակութային ժառանգության պատմությանը, կմասնակցեն գրքերի քննարկումների ու վիկտորինաների, կծանոթանան եվրոպական մանկապատանեկան գրականության նմուշներին։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի շրջանակում։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ