Սեւան-Հրազդան մայրուղու հատվածում իրավիճակը լարվել էր: Ճանապարհը փակած քաղաքացիները ոստիկաններին հորդորում էին՝ բա ինչի՞ է փակ Գորիս-Կապան ճանապարհը, գնացեք բացե՛ք:
Ոստիկանը սկսեց բղավել, թե՝ «Ես իրավասու չեմ, ինձ հարցեր մի տվեք, ես եկել եմ, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքն եմ վերականգնում»:
Կարդացեք նաև
Ցուցարարների հետ էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա ոստիկանին նույն տոնով ասաց. «Ինչքան ուզեմ՝ հարց կտամ»: Սա լսելուն պես՝ ոստիկանը բռնեց Արթուր Խաչատրյանին ու սկսեց քաշքշել, տեղի ունեցավ հրմշտոց: Մոտ մեկ տասնյակ ոստիկաններով բիրտ ուժ կիրառելով՝ Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին: «Պատգամավոր է, ո՞ւր եք տանու՜մ»,- բղավում էին քաղաքացիները:
Արթուր Խաչատրյանի հետ բռնությամբ բերման ենթարկեցին նաեւ մի խումբ քաղաքացիների: Մարդիկ հարցնում էին՝ ինչի՞ համար եք տանում, ոչ մի բացատրություն չկար՝ «խելոք նստի ավտո՛ն»:
Ոստիկաններից մեկը մեջքի հետեւից կճմթում էր բերման ենթարկվողներին, որոնք ընդդիմանում էին նստել ոստիկանական մեքենան: Նրան հորդորում էին. «Տղեն չի՛ կճմթում, չկճմթես, չես կարում խփես՝ կճմթո՞ւմ ես: Էդ 5 ամսով որ կուրսերի ես գնացել, ասել են կճմթե՞ս»:
Քաղաքացիները հորդորում էին տեղեկացնել՝ ի՞նչ օրինական պահանջ են ներկայացնում, ինչի՞ համար են բերման ենթարկում: Ոստիկաններից մեկը միայն ասաց, թե՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 182-րդ հոդվածով: Քաղաքացիները վիճեցին՝ ԱԺ պատգամավորին, որն անձեռնմխելիություն ունի, վերցնում, տանում են, դա օրինակա՞ն պահանջ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ