Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում են արտահանձնել մի երիտասարդի, որին արտահանձնման երկրում խոշտանգել են. ՀՔԱՎ

Ապրիլ 26,2024 17:40

2024թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալում է Վրաստանից Հայաստան մուտք գործած Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վաիտկիավիչուսին։ Վերջինիս նկատմամբ Բելառուսի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «զինվորական ծառայությունից խուսափելու» հիմքով։

Փետրվարի 9-ին Տավուշի մարզի Դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվում Դատարան Մաքսիմին կալանավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով, որ Բելառուսի իրավապահ մարմինները նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։ Արդյունքում դատարանը բավարարում է միջնորդությունը․ Մաքսիմը կալանավորվում է 40 օր ժամկետով։

ՀՔԱՎ-ը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ստանձնում են Մաքսիմի իրավունքների պաշտպանությունը։ Չատինյանը վերաքննիչ բողոք է ներկայացնում, որը մերժվում է։ Հաջորդիվ բողոք է ներկայացվել վճռաբեկ դատարան։

Մաքսիմի կալանավորման ժամկետը լրանալու էր մարտի 16։ Մինչ այդ՝ մարտի 7-ին Տավուշի մարզի Դատախազությունը երկրորդ միջնորդությունն է ներկայացնում դատարան, մեջբերում ենք՝ «հանձնելու համար կալանավորում կիրառելու վերաբերյալ»։ Դատարանը բավարարում է միջնորդությունը․ Մաքսիմի հանդեպ ևս երկու ամսով կալանք է կիրառվում։

Բնականաբար Դատարանի այս որոշման վերաբերյալ Չատինյանը ներկայացնում է վերաքննիչ բողոք, որը, ցավոք, չի բավարարվում։ Մաքսիմ Վաիտկիավիչուսը շարունակում է մնալ կալանքի տակ։

Առաջին հայացքից սովորական համարվող իրավական այս գործընթացում արտառոց մի հանգամանք կա, որը պարզապես անհամատեղելի է ժողովրդավարական և իրավական պետության հետ, ինչպիսին հավակնում է լինել Հայաստանը։ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ե․ Ավագյանը 2024թ-ի փետրվարի 9-ի գրությամբ Բելառուսի Գլխավոր դատախազությանը հայտնում է Մաքսիմ Վաիտկիավիչուսին հայտնաբերելու և կալանավորելու մասին։ Ի պատասխան Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ն․Վ․ Վառոնինը պատասխանում է․

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ հանձնման մասին հարցումը նպատակ չունի հետապնդելու անձին քաղաքական շարժառիթներով, ռասայական պատկանելիության, կրոնի, ազգության կամ քաղաքական հայացքների հետ կապված։

Այսինքն ՀՀ Գլխավոր դատախազությունը, Դատարանը, անտեսելով Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և անմարդկային խախտումների փաստերը (կան հարյուրավոր զեկույցներ, հայտարարություններ միջազգային կազմակերպությունների, կառույցների, առանձին պետությունների կողմից), հիմք է ընդունում բռնապետական ռեժիմի հավաստիացումները, մեջբերում ենք․

Երաշխավորում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Մաքսիմ Վաիտկիավիչուսին Բելառուսի Հանրապետությունում տրամադրելու են պաշտպանության համար բոլոր հնարավորությունները, այդ թվում փաստաբան, նա չի ենթարկվի խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի կամ պատժի։

Նշենք, որ այս հավաստիացումներին զուգահեռ Մաքսիմի հարազատներին այցելում են Բելառուսի ուժային կառույցների աշխատակիցները և սպառնում, որ եթե Հայաստանում հարազատները քաղաքական ապաստանի դիմում ներկայացնեն, ապա Բելառուսում կենթարկվեն ամենախիստ պատժին։

Հիմնաքարային է նաև այն հանգամանքը, որ Մաքսիմն ունի ընդդիմադիր հայացքներ, որոնց պատճառով էլ ցույցերից մեկի ժամանակ բերման է ենթարկվել, 15 օր պահվել կալանքի տակ, խոշտանգվել, ինչը արձանագրված է Բելառուսի Դատարանի կողմից։ Բելառուսում Մաքսիմին խոշտանգելու համար ոստիկանների հանդեպ քրեական հետապնդում չի նախաձեռնվել։

Հարց է առաջանում՝ ինչպես կարող է Հայաստանը հավակնել կոչվել ժողովրդավարական և իրավական պետություն, երբ կալանքի տակ է պահում և պատրաստվում է արտահանձնել մի երիտասարդի, ում նույն արտահանձնման երկրում խոշտանգել են։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը։

Պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930