Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք չենք պահանջում դատարանից, որ որոշի, թե Հայաստանը խախտել է Ադրբեջանի իրավունքները, այլ որ որոշի՝ Հայաստանը խախտել է իր իսկ հանձնառությունը՝ Կոնվենցիայով սահմանված»․ Ադրբեջանի շահերը պաշտպանող պրոֆեսորը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ապրիլ 26,2024 16:36

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԱԿ-ի դատարանում շարունակվող լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչ պրոֆեսոր Վոն Լոուն դատարանին հորդորեց վճռականություն ցուցաբերել Ադրբեջանի հայցի իրավազորության հետ կապված հարցով։

Հիշեցնենք՝ Հայաստանի առարկությունների ներկայացման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Լոուրենս Մարտինը հայտարարել էր, որ չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը պահանջի, թե իրավասու է բողոքներ ներկայացնել այն արարքների կամ գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել իր՝ Կոնվենցիային միանալուց առաջ։

Պրոֆեսոր Վոն Լոուն հայտարարեց, թե իբր Հայաստանը սխալ է ներկայացնում Ադրբեջանի հայցը ու ոչ իրավացիորեն պնդում, որ Ադրբեջանը փոխել է իր հայցը․ «Ադրբեջանը չի փոխել իր հայցը՝ այն միշտ ուղղված է եղել Հայաստանի՝ 30 տարվա էթնիկ զտման քաղաքականությանը և մշակութային արժեքների ոչնչացմանը՝ ներառյալ ադրբեջանցիներին իրենց հողերից վտարումը և նրանց վերադարձին խոչընդոտելը»։

Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ ադրբեջանական կողմը միշտ էլ իր հայցերով պնդել է, որ հայերը ականներ են տեղադրել՝ այդպիսով վնաս հասցնելով նաև շրջակա միջավայրին։

Անդրադառնալով հայկական կողմի այն փաստարկներին, թե դատարանն իրավազորություն չունի այն պահանջների և պնդումների նկատմամբ, որոնք բարձրացնում է Ադրբեջանը և որոնք տեղի են ունեցել մինչև 1996-ի սեպտեմբերի 15-ը՝ կողմերի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, ասաց․ «Էթնիկ զտումը մի գործողություն չէ, այլ արշավ, քաղաքականություն։ Դա շարունակվել է 1994-ից, 1996-ից հետո և մինչև այսօր շարունակվում է։ Ադրբեջանի հայցը այն մասին է, որ Հայաստանն իր պարտավորությունները խախտել է շարունակական կերպով՝ 30 տարիներ շարունակ։ Մենք չենք պահանջում դատարանից, որ այն որոշի, որ Հայաստանը խախտել է Ադրբեջանի իրավունքները, այլ որ որոշի՝ Հայաստանը խախտել է իր իսկ հանձնառությունը՝ Կոնվենցիայով սահմանված»։

Ադրբեջանի շահերը պաշտպանող պրոֆեսոր Ստեֆան Տալմոնն էլ նշեց, թե Հայաստանը չի ասում՝ կոնկրետ երբ պետք է հայց ներկայացվեր, որպեսզի կանխվեր այն խելամիտ ակնկալիքը, որ Ադրբեջանը հայց չի ներկայացնի՝ 1996-ի սեպտեմբերի 15-ի՞ն, 2006-ի սեպտեմբերի 15-ի՞ն, թե՝ այլ ամսաթվով․ «Ադրբեջանը կարող էր իր հայցը ներկայացնել երբ ուզեր, բայց կային սպասելու համար պատճառներ․ Ադրբեջանը սպասում էր, որպեսզի կարողանար ապացույցներ ունենալ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներից։ Իսկ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանն ազատագրեց այդ տարածքները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930