44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց իրենց դժգոհությունն են հայտնել հերթական անգամ դատական նիստի հետաձգման պատճառով: Այսօր շարունակվելու էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը:
Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրյալներից՝ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հերթական պաշտպանը փոխեց ու այս նիստին նոր պաշտպանը ներգրավվեց՝ հայտնելով, որ երեկ է ստանձնել Աբգարյանի պաշտպանությունը, որ հասցնի ծանոթանալ գործի նյութերին, նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 23-ը:
«Նիստերը արհեստական ձգձգելու ձեւ է: Այսօր շատ կարեւոր հարցաքննություն էր, հիմա Արսենը կարող է ամիսը մեկ փաստաբան փոխի, այսպես ինչքա՞ն »,-սրտնեղեց տիկին Ադոյանը:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրանքի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան վաթսուն զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում․ 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 21-ին Աբգարյանի խումբը՝ 62 պայմանագրայիններ, Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել Մակարյանից, հասել են քաղաքի դպրոցի մոտ, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։ 62 զինվորականներից միայն 22-ն են դուրս եկել շրջափակումից, մնացած 40-ի մի մասը սպանվել է, 23 հոգի մինչև այժմ անհետ կորած է համարվում։
Անահիտ Ադոյանը պատմեց, որ Մակարյանին հրահանգ է եղել, որ 30 հետախույզ պետք է գործողություն սկսելուց առաջ իր աշխատանքն իրականացնի, հետո 230 զինծառայող 100-ական խմբերի բաժանվելով՝ համապատասխան գործողությունն իրականացնեն Զանգելանում.
«Բայց քանի որ Մակարյանն իրենից դուրս որոշումներ է իրականացրել, հերիք չէ 230 զինծառայողների խումբը կիսել է 120-ական խմբերի, այդ 120-ն էլ կիսել է 60-ական խմբի, որ երկու կողմից է գնացել, բացի այդ հետախույզները, որ երեխեքից առաջ պիտի նախօրոք գնային, գնացել են երեխեքի հետ: Էս ամեն ինչը Օնիկը չգիտեր, ինքն ասաց՝ ճիշտ է, գործի ղեկավարն եմ, բայց պարտավոր չեմ ամեն մանրուք իմանալ, հանձնարարական եմ տվել, իրենք պետք է անեին: Օնիկը շատ բաներից տեղյակ չի եղել: Ես էլ ասացի՝ տվյալ պահին Դուք եղել եք պատասխանատու, ձեզ թիկունքից հարվածել է ձեր ենթական, դե տեսեք: Նաեւ եթե Մակարյանը 120 հոգանոց խումբն արդեն կիսվել էր 60-ական խմբերի, Մակարյանը եթե հրաման տար՝ օդի մեջ կրակեին, հակառակորդը պիտի շեղվեր ուղղությունից: Եկող տղերքն ասում են՝ ասացինք կրակ անենք, շեղվեն մեր կողմ, տղերքը դիրքավորվեն, Մակարյանն ասել է՝ այսօր գնում ենք, վաղը 150 հոգով կգանք օգնության»:
Անահիտ Ադոյանը նաեւ Օնիկ Գասպարյանից հետաքրքրվել է՝ Մակարյանը զանգ է ստացել կամ ինքն է զանգել, ինչից հետո տվել է նահանջի հրաման իր թեւի զինվորներին, դո՞ւք եք եղել, ի պատասխան Օնիկ Գասպարյանը պատասխանել է՝ իհարկե, ոչ:
Տիկին Ադոյանը շարունակել է հետաքրքրվել՝ իսկ ով կարող էր ձեզնից բացի գեներալներին հրաման տալ, ըստ տիկին Ադոյանի՝ Օնիկ Գասպարյանը պատասխանել է՝ դե դուք գիտեք. «Իհարկե, գիտենք՝ երկրի թիվ մեկ դեմքը: Դե եթե ոչ Օնիկ Գասպարյանը, ուրեմն Նիկոլն է նահանջի հրամանը տվել կամ իր կնիկը, որից երեք օր հետո ծնողները Աննա Հակոբյանին տեսել են Կապանի զորամասում, ինչ էր անում Մակարյանի հետ, եկել էր տեսներ՝ օպերացիան լա՞վ է անցել: Դրա համար էլ, ապրիլի 24-ին շատ լավ արեցին, հլը պիտի բռնեին… »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ