Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ է դրված մինչև 2026թ.-ն 20%-ով կրճատել նպաստառու ընտանիքների քանակը. Նարեկ Մկրտչյան

Ապրիլ 26,2024 15:31

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին:

Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ներդրվել է նոր համակարգ, որը հնարավորություն է ստեղծել իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

Համակարգի ներդրմամբ կարճ ժամանակում ապահովվել են անհրաժեշտ թվային լուծումներ, որոնք ֆունկցիոնալության գնահատման ճանապարհին մի շարք այլ երկրների համար կարող է լավագույն օրինակ ծառայել։

2023-ին անձի ֆունկցիոնալության գնահատում է իրականացվել 11 930 անձի նկատմամբ։

Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին նախարարը Հանրապետության նախագահին հայտնել է, որ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն առավել հասցեական։ Նախատեսված է նոր համակարգը ներդնել փուլային տարբերակով՝ 2024 թվականից․ այն հնարավորություն կտա օգնել ծայրահեղ աղքատ ընտանիքներին հաղթահարելու ծայրահեղ աղքատությունը, ինչի ճանապարհին պետությունն անհրաժեշտ ջանքեր կգործադրի անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչն էլ ընտանիքներին հնարավորություն կտա ձեռք բերել աշխատանք, կայուն զբաղվածություն և բարելավել կենսապայմանները։

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ համաձայն համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքների նպատակ է դրված՝

• Մինչև 2026թ. 20%-ով կրճատել նպաստառու ընտանիքների քանակը
• 25 %-ային կետով բարձրացնել հասցեականությունը (նպաստների 75-80%-ը կուղղվեն բնակչության ամենաաղքատ 20%-ին)
• Վերացնել ծայրահեղ աղքատությունը
• Մեղմել աղքատության աստիճանը։
• Ստեղծել հնարավորություն՝ թվայնացված գործիքակազմով ընդունել ավտոմատացված որոշում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը լիազորությունների սահմաններում աջակցել ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախատեսվող ծրագրերի կյանքի կոչման գործում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել