Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան ու շահավետ գնով գազ գնել՝ մենք կքննարկենք»․ Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հարցի մասին

Ապրիլ 26,2024 14:48

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ խոսել էր Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին։

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն ասաց․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց եթե կա որեւէ երկիր, որը գազ է վաճառում, եւ կա երկիր, որ գազի կարիք ունի, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որեւէ պայմանավորվածություն կամ նախնական համաձայնություն չկա»։

Հարցին, թե Ադրբեջանից գազ գնելը տնտեսական անվտանգության խնդիր չի առաջացնի՞, նա պատասխանեց. «Հիմա դուք հարց որ տալիս եք, դա ենթադրում է՝ մենք ադրբեջանական գազ ենք արդեն գնո՞ւմ։ Հայաստանի կամ որեւէ այլ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը: Եվ պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է եւ ամենաշահավետն է: Իսկ էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, եւ քո աղբյուրը մեկն է: Այսինքն՝ ինչքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է քո էներգետիկ անվտանգության մակարդակն ավելի ես բարձրացնում»:

Հարցին, թե Հայաստանը մտածո՞ւմ է էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին, Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Հայաստանը միշտ այս մասին մտածել է, եւ դրա համար ժամանակին կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը։ Այսինքն՝ մենք պետք է փորձենք մաքսիմալ դիվերսիֆիկացներ մեր հնարավորությունները։ Այս պահին ռուսական եւ իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»:

Նա հավելեց, որ հիմա խոսում են ինչ-որ տեսական հնարավորության մասին, ոչինչ պետք չէ բացառել․ «Ժամանակին գազ ստանում էինք միայն Ռուսաստանից, հետո կառուցվեց Իրան-Հայաստան գազամուղը, սկսեցինք նաեւ Իրանից գազ ստանալ: Եթե դրա կարիքը լինի, կարող ենք դիտարկել նաեւ այլ երկրների տարբերակը: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կարգավորումների մեջ նաեւ փոփոխություններ կլինեն: Այս պահին, կրկնում եմ, մենք նման հարց մեր օրակարգում չունենք: Նման բան պայմանավորվելու համար նախ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, պետք է ունենանք որոշակի շփումներ, ինչ-որ գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք: Այն էլ այն ժամանակ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Լրագրողները նաեւ հարց տվեցին՝ իսկ հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի ռուսական գազից եւ գնի միայն ադրբեջանական գազ։ «Եթե դուք, օրինակ, մի տեղից առնում եք թթվասեր, մեկ էլ տեսնում եք կողքի խանութում այդ նույն թթվասերը վաճառում են կրկնակի էժան գնով, դա ձեզ կստիպի՞ հրաժարվել մի խանութից առեւտուր անելուց, թե՞ ոչ: Այսինքն՝ ամեն ինչը կախված է տարբեր գործոններից, երբ կլինի այնպիսի վիճակ, որ կզգանք, որ մեզ ավելի նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել, եւ դա հնարավոր է, ապա բնականաբար պետք է մտածենք այդ ուղղությամբ։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք ռուսներից գազը հո ձրի չենք ստանում, գնում ենք։ Այսինքն՝ կան հարաբերություններ, որոնք գործարք են, առեւտուր է տեղի ունենում։ Մենք էլ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, բայց երբ Ռուսաստանին որեւէ բան մատակարարում ենք, լինի պղինձ, կոնյակ կամ այլ ապրանք, հո ձրի չենք տալիս։ Այստեղ ամեն ինչ կախված է գնից»,- պատասխանեց Թունյանը։

Նա հավելեց․ «Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ժամանակին մեր ռազմավարական դաշնակիցը գազի համար կուտակված 300 մլն դոլար պարտքի դիմաց վերցրեց ՀՀ որոշ ռազմավարական օբյեկտներ։ Եվ դա նորմալ է, այսինքն՝ վերցրել ենք, պետք է վճարենք»։

Ըստ Թունյանի՝ այլ երկրներից գազ գնելու անհրաժեշտությունը կլինի այն ժամանակ, եթե ռուսական գազը կդառնա այնպիսի բարձր գին ունեցող ռեսուրս, որ Հայաստանը ստիպված կլինի այլ աղբյուրների մասին մտածել: «Կամ եթե կգա մի իրավիճակ, երբ տեխնիկապես հնարավոր չի լինի ռուսական գազ գնել: Բայց դա չի նշանակում, որ մենք հիմա ամեն գնով ինքնանպատակ պետք է փորձենք ուրիշ աղբյուրներից գազ գնել»:

Հարցին, թե Հայաստանը դիտարկո՞ւմ է Իրանի հետ նոր գազամուղի կառուցում, նա նման պատասխան տվեց․ «Այս պահին նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, եւ դրա անհրաժեշտությունն այս պահին չկա։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կամ ռուսական գազին, այստեղ էլ ուզում եմ տեխնիկական որոշակի մանրամասներ ձեզ հաղորդել, որ շատ դեպքերում շատ դժվար է տարանջատել, թե երկիրը, որը գազ է սպառում, այդ գազն իրականում որ աղբյուրից եկած գազն է։ Այսինքն՝ հնարավոր է, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք պայմանագիր եւ Ռուսաստանից գնենք գազը, բայց քանի որ այդ գազամուղները խաչվում են, այդ գազամուղի մեջ գազի որոշ ծավալ կարող է լինել ադրբեջանական։ Սա տեխնիկական հարց է, մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին ու ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու ՀՀ համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել՝ ավելի էժան ու շահավետ գնով, ապա մենք պետք է քննարկենք այդ հնարավորությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930