ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի (ԳԿՄՍԵՍ) մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագծի հեղինակը ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է: Նա ասաց, որ փոփոխություն է կատարվել Հանրային հեռարձակողի վրա օրենքով դրվող պարտավորությունների մասով եւ սահմանվել է, որ պարտավորություններն ընդհանուր դրվելու են 2 հեռուստաընկերությունների, երկու տեսալսողական ծրագրերի վրա: Նախագիծը Սիսակ Գաբրիելյանի առաջարկություններով հանդերձ՝ քվեարկվեց եւ անցավ միաձայն:
Հանձնաժողովի օրակարգում էր նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023թ գործունեության մասին տարեկան հաղորդումը, որ ներկայացրեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչու ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստա եւ ռադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում եւ հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը…Ունենք կոնֆիդենցիալ, մտերմիկ ինֆորմացիա, դժգոհություններ, իհարկե կան, որ իշխանությունները շատ հաճախ բաց չեն, քննադատություն կա իրենց կողմից, բայց միջամտության մասին տեղեկատվություն չունենք»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Նա ասաց, որ հաճախ հրապարակումներ են լինում, որոնցում իրենց որոշումների անաչառությունը կասկածի տակ է առնվում, խոսում են իշխանության կողմից իջեցված պատվերի մասին, սակայն դրանք, նրա ձեւակերպմամբ, մերկապարանոց են եւ իրականությանը չեն համապատասխանում:
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի, ՀՌՀ նախագահը նշեց, որ ստացել են 111 հարցում եւ դիմում-բողոք, որոնցից որոշների հիման վրա վարչական վարույթներ են բացվել:
Պատասխանելով հարցերից մեկին, Տիգրան Հակոբյանն ասաց, որ մրցույթ են անցկացրել, բայց հեռուստաընկերություն կա, որը փորձում է բողոքարկել իրենց՝ 2021թ անցկացրած մրցույթը, ինչը նրա ձեւակերպմամբ, զավեշտի է վերածվում:
ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին՝ արդյոք ՀՌՀ-ն պե՞տք է փակի ռուսական ալիքները, Տիգրան Հակոբյանն այսպես արձագանքեց. «Նրանք ընդհանրապես չպետք է հայտնվեին հանրային մուլտիպլեքսում, բայց եթե հայտնվել են, խնդիրը մի քիչ բարդ է, փակել բառը լավ չէ: Պետք է փորձենք այնպիսի կարգավորումներ գտնել, որպեսզի օտար երկրների ալիքները չպարտադրեն մեզ այն քաղաքական օրակարգը, որը խորթ է մեզ եւ հակասում է մեր օրենսդրությանը:
ԲՏԱ նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, ինչ-որ խնդիրների շուրջ արդեն համաձայնության են եկել… Ռուսական կողմը պատրաստակամ է, տեխնիկական հնարավորություններն է փորձում գտնել, փակելու այն հասարակական-քաղաքական հաղորդումները, որոնք վտանգ են պարունակում եւ փոխելու դրանք այն հանրօգուտ բովանդակությամբ, որոնք մեզ համար ընկալելի կլինեն…
Ես համոզված եմ, որ եթե հետագա օրենքի փոփոխություն ենք նախատեսել, ապա օտար հեռարձակողների, անգամ միջպետական համաձայնագրով հեռարձակումը պետք է արգելվի, բացառություններ կարող են արվել, եթե դա տեղական ընկերությունն է հեռարձակում, եթե հանրօգուտ բովանդակություն ունի, եւ եթե դրանք հեռարձակվում են հայերեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ