Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովա. «Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»

Ապրիլ 26,2024 13:37

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը բրիտանական ԶԼՄ-ներին կասկած հայտնել ՀԱՊԿ-ի գոյության մասին, քանի որ Փաշինյանի կարծիքով՝ կազմակերպությունը չի արձագանքել 2021-2022 թվականներին Հայաստանի սահմանների խախտմանը սահմանազատման բացակայության պատճառով, իսկ այնուհետեւ նա ասել է, թե կազմակերպությունը չի արձագանքի նաեւ Ռուսաստանի եւ Ճապոնիայի սահմանների խախտմանը, որը նույնպես սահմանազատված չէ, պատասխանել է:

«Մենք ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է իրեն հանրային այդպիսի քննադատություններ թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին: Քննադատել կարելի է եւ պետք է: Բայց ոչ անհիմն քննադատություն: Եվ դա այն դեպքում, որ կազմակերպության ղեկավարությունը, քարտուղարությունը հանրայնորեն հաստատել է հանրապետության նկատմամբ իր, բոլոր պարտավորությունների պահպանման մասին ՀԱՊԿ-ի կանոնադրական նպատակների եւ սկզբունքների ամբողջական համապատասխանությամբ:

Ինչպես բազմիցս ասել ենք, կազմակերպությունը 30 տարվա ընթացքում ապացուցել է իր ինքնուրույնությունը, արդյունավետությունը: Ապացուցել է Հարավային Կովկասում իր պահանջվածությունը: Գումարած՝ Երեւանի համար այն, որ ՀԱՊԿ-ը հաշվի է առնում ազգային ինքնիշխանության գործոնը, ինչպես հատուկ է արեւմտյան ռազմաքաղաքական բլոկին, ճնշում չի գործադրում դրա վրա: Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մեջ մտնում է Հայաստանը:

Հայ-ադրբեջանական սահմանի դեպքում, որքան մենք ենք հասկանում, Բաքվում եւ Երեւանում համաձայնել են առաջնորդվել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով:

Ինքը՝ Հայաստանի ղեկավարությունը, ընդունում է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման բանակցությունների շրջանակներում պետք է տեղանքում գծել սահմանագիծը: Նաեւ խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հարցերը:

Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել: Գուցե դրանո՞ւմ էլ մեղավոր է ՀԱՊԿ-ը»,-պատասխանեց Մարիա Զախարովան:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել, Մարիա Զախարովան հորդորել է այդ հարցն ուղղել անմիջապես այդ կազմակերպությանը: «Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանում անվտանգությանը, մենք բազմիցս ենք ասել, որ ընթանում է հավաքական Արեւմուտքի կանխամտածված ներդրում տարածաշրջանում՝ ամենեւին էլ ոչ խաղաղության նպատակներով: Իսկ իրավիճակի ապակայունացմամբ զբաղվելու, այդ թվում՝ տեղեկատվություն հավաքելու համար միանգամայն հասկանալի է պետությունների դեմ ուղղվածությունը, որպեսզի հետեւեն տեղում իրավիճակին ու կրկին ոչ թե խաղաղության մոնիթորինգի, այլ պարզապես տնտեսական եւ այլ շահ ստանալու, տարածաշրջանում բոլոր ուղղություններով ապակայունացում ստեղծելու նպատակով: Դրա համար այս միտումներն արդեն իսկ խախտում են տարածաշրջանային հավասարակշռությունը, բառացիորեն վնասում խաղաղ կարգավորումը եւ խաղաղ գոյակցությունը, որը պետք է հարթվեր տարածաշրջանում համապատասխան պայմանավորվածություններով: Դա կբացեր, եւ հույս ունենք, որ կբացի այդ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման նպատակով լոգիստիկ ներուժի օգտագործման հեռանկարը:

Մենք բազմաթիվ պատմություններ գիտենք, երբ աշխարհի տարբեր տարածաշրջաններում, ուր նույնանման նպատակներով սողոսկել է Արեւմուտքը, տխուր ավարտ է եղել. սադրվել են նոր հակամարտություններ, ակտիվացվել են հին հակամարտությունները, թունավորվել են մարդիկ: Վերջին տասնամյակներում այլ օրինակներ, ցավոք, պարզապես չկան»,- ասել է Զախարովան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930