Տեխասի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցում կայացել է երեխաների կողմից պատրաստված կտավների և ձեռքի աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության մեկնարկի 109-րդ տարելիցին։
Արարատ լեռից մինչև «Պապիկ-տատիկի» արձան, տարատեսակ ծառերից մինչև խաղաղության խորհրդանիշ աղավնիներ․ ստեղծագործությունների թեմաները զանազան էին։
Կարդացեք նաև
«Ուղերձը, որը ցանկանում ենք փոխանցել, մարդասիրությունն է։ Մենք երեխաներին չենք սահմանափակել, այլ խրախուսել ենք գործի դնել իրենց ստեղծագործ մտքերը՝ իրենց պատկերացումներով մարդասիրությունը ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ մեր Հայկական վարժարանի տնօրինությանը այս գաղափարի համար», – Aravot.am-ին մանրամասներ է հայտնել կազմակերպիչներից Աննա Խաչատրյանը։
Մեր հարցին՝ ինչու են օգտագործվել հենց մանուկների և պատանիների ստեղծագործություններ, Աննան պատասխանում է՝ «մարդասիրության սերմերը պետք է փոքրիկների մեջ դնել, որպեսզի մարդասեր լինեն, երբ մեծանան»։
Նա ընդգծում է այլազգիների մասնակցությունը միջոցառմանը։ «Նկարների հեղինակներից են ոչ միայն Հայկական վարժարանի աշակերտները, այլև հանրակրթական և մասնավոր դպրոցների երեխաներ Հյուստոնից, Օստինից և Փլենոյից», – մեզ հետ զրույցում նշում էր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է հնարավորին շատ մարդկանց և ազգերի ներգրավել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին։ «Բոլորը պետք է տեսնեն և հասկանան՝ ոչինչ չի մոռացվել»։
Ապրիլիքսանչորսյան ցուցահանդեսի կազմակերպիչներից Շևան Բասմաջյանը տեղեկացրեց, որ վերջին մի քանի ամսում սա Մեծ եղեռնի թեմայով տեղի հայկական համայնքի կազմակերպած չորրորդ միջոցառումն էր։ Շևանի խոսքով՝ սա առավել կարևոր է Արցախի Հանրապետության էթնիկ զտման համատեքստում։
«Այս ամենի նպատակը ցեղասպանություններին վերջ դնելն է։ Մենք ուզում ենք, որ մարդիկ այլևս միմյանց չատեն։ Բոլորս տարբեր ենք, բայց բոլորս էլ մարդ ենք։ Պատերազմ ու ցեղասպանություն պետք է այլևս չլինեն», – նշում է Բասմաջյանը։
Երեկոն զարդարվեց նաև Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ՝ դաշնակահարուհի Սաթենիկ Մուրադյանի կատարմամբ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ