Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը շատ հստակ է՝ ՀՀ տարածքի փոփոխության համար անհրաժեշտ է, որ անցկացվի հանրաքվե: Առանց սահմանազատման իրականացվում է սահմանագծում՝ օրենսդրության խախտում է. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Ապրիլ 26,2024 12:22
vardan poghosyan

«Հրապարակ»-ը հարցեր ուղղեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։

– Մասնագետները միաբերան պնդում են, որ սահմանագծման ու սահմանազատման անվան տակ կատարվողն ապօրինի գործընթաց է, բայց անգամ եթե ընդունենք, որ միակողմանի զիջումների փոխարեն տեղի է ունենում սահմանազատում, իշխանությունն առանց հանրաքվեի կարո՞ղ է հող զիջել։

– Ոչ, նման մեխանիզմ չկա։ Այդ առումով Սահմանադրությունը շատ հստակ է՝ Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է, որպեսզի անցկացվի հանրաքվե։ Նման հանրաքվե անցկացնելու նախաձեռնության, առաջարկության պարտականությունը դրված է կառավարության վրա։ Կառավարությունը պետք է առաջարկի նման նախագիծ ԱԺ-ին, եթե ԱԺ-ն համաձայնում է՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության համաձայնությունը տրվում է, անցկացվում է հանրաքվե, եւ հայ ժողովուրդն է որոշում՝ համաձա՞յն է իր տարածքի փոփոխությանը, թե՞ համաձայն չէ։ Բայց մինչեւ հանրաքվեն, խախտվում են նաեւ այլ իրավական պահանջներ։ Մենք ունենք «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք։ Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, մինչդեռ այն, ինչ այսօր տեղի է ունենում Տավուշում, ընդհանրապես այդ օրենքի տառի ու ոգու խախտում է, որովհետեւ որեւէ գրավոր համաձայնություն, որն իրավական ուժ ունի, այդ տեղամասում սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ չի իրականացվել։ Նույնիսկ խախտվել է ապրիլի 19-ին հայկական ու ադրբեջանական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված այդ պայմանավորվածության դրույթը։ Այնտեղ հստակ գրված է, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածներ, այսինքն՝ խոսքը նախնական համաձայնությունների մասին է։ Այնուհետեւ նշվում է, որ այդ հատվածների նկարագրությունը կազմվելու է առանձին Արձանագրություն-նկարագրությամբ, եւ դա պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջեւ մինչեւ 2024թ. մայիսի 15-ը, բայց մենք ականատես ենք այն փաստին, որ արդեն այսօր սահմանային սյուներ են տեղադրվում։ Այսինքն՝ առանց սահմանազատման, ինչը նշանակում է քարտեզի վրա սահմանազատում, իրականացվում է դեմարկացիա սահմանին՝ սահմանագծում, ինչը մեր օրենսդրության կոպտագույն խախտում է, ու այլ կերպ, քան պետական դավաճանություն որակել, հնարավոր չէ անվանել։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930