Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի համայնքապետ. Պայքարի ավելի ցիվիլ ձեւ գոյություն ունի. «Հրապարակ»

Ապրիլ 26,2024 11:40

Տավուշում շուրջ մեկ շաբաթ է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ են իրականացվում, որն առաջնորդում են Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս եւ հարակից համայնքների բնակիչները: Այս գյուղերի կողքով է գծվում հայ-ադրբեջանական նոր սահմանը: Ուշագրավ է, որ մարզի մյուս համայնքապետերն ուղղակի ընդհատակ են անցել` կա՛մ չեն երեւում, կա՛մ չեն խոսում: Փորձեցինք զրուցել Բերդի համայնքապետ ընդդիմադիր Աստղիկ Հակոբյանի հետ, որն ընտրվել է «Զորավոր համայնք» կուսակցության ցուցակով, Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանի թիմակիցն է։

– Տիկին Հակոբյան, շուրջ մեկ շաբաթ է՝ ձեր համերկրացիներն ընդվզում են իշխանությունների որոշման դեմ, վստահ են, որ միակողմանի զիջումների հետեւանքով ադրբեջանցիները վերահսկելու են ողջ մարզի կյանքը եւ անվտանգային սպառնալիք են դառնալու տավուշցիների համար։ Համամի՞տ եք նրանց հետ, թե՞ Դուք էլ եք կարծում, որ դրանք ադրբեջանական հողեր են, ու պետք է տալ, որ պատերազմ չլինի։

– Ես կխնդրեի՝ սուր հարցերից զերծ մնալ, երթը, որպես պայքարի ձեւ, ակցիա անելն ընդունում եմ, բայց այս պահին ճանապարհ փակելը, խոչընդոտելը երթեւեկությանը չեմ կարողանում ընկալել, որովհետեւ պայքարի ավելի ցիվիլ ձեւ գոյություն ունի։

– Ինչի՞ց եք վախենում, տավուշցիները կասկած չունեն, որ Տավուշին Արցախի ճակատագիրն է սպառնում, ամիսներ անց դատարկվելու է, Ձեր լռությամբ Դուք չե՞ք նպաստում, որ Տավուշն արժանանա Արցախի ճակատագրին։

– Մենք այսօր բոլորս մի խրամատում ենք, ու ես գտնում եմ, որ պետությունը ծանր իրավիճակի մեջ է, բոլորս ենք ծանր իրավիճակում, ես գտնում եմ, որ գուցե օրհասական պահն է, կամ ավելի օրհասական պահին մեր միասնությամբ կկանգնենք սահմանին եւ այլն, բայց հիմա ներողություն եմ խնդրում, խառը վիճակներ են, ես հիմա կլռեմ։
Այ, տեսեք, ես այսօր Վրաստան այց ունեի, բայց չգնացի, գուցե լավ ծրագրեր բերեի, բայց գերադասեցի չգնամ, որովհետեւ եթե այսպիսի խնդրահարույց իրավիճակ է, մտածեցի՝ լինեմ այստեղ, քան գնամ։

– Մինչ այս պահը խոսե՞լ եք ձեր համերկրացիների հետ, այցելե՞լ եք բողոքի ակցիա իրականացնողներին, ինչ-որ դիրքորոշում հայտնե՞լ եք։

– Չէ, մենք հիմա հրաշալի աշխատանք ենք կատարում, մենակ տեսնեք՝ ոնց ենք բարեկարգում, նորացնում, լիքը հարցեր ենք լուծում, հենց հիմա մեր աշխատակազմը եւ ես էլ եմ հիմա գնում, գնում ենք գերեզմանատների, լքված գերեզմանոցների մաքրման, բարեկարգման աշխատանքներ իրականացնելու, 60 թվից այս կողմ աղբահանության մեծ խնդիրներ ունեինք, հիվանդությունների տարածման, երեկ հրաշալի լուծում ենք գտել, ծառատունկ ենք արել` մեծ շառավղով, լիքը բարեկարգում ենք անում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930