«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Տավուշում ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածով՝ 72-ժամվա ռեժիմով: Այս մասին 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանին երեկ տված հարցազրույցում հայտարարել են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը եւ Վարազդատ Հարությունյանը:
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ 72 ժամը լրանում է ապրիլի 26-ին ժամը 20:10-ին: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, որպեսզի քննարկման առարկա դառնա կալանքի հարցը, անհրաժեշտ է, որ առաջադրված լինի մեղադրանք: Այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեկ այլ դրույթի համաձայն, նորից կալանքի հետ կապված հարցը դատարանի առջեւ պետք է բարձրացվի 60 ժամ հետո: Այսինքն, մինչեւ առավոտյան ժամը 08:10-ը:
Հնարավոր է, որ քննչական մարմինները սխալվել են: Այդ մասին մանրամասն կներկայացնի իմ գործընկեր Վարազդատ Հարությունյանը: Այսօր ծավալուն հարցաքննություն է եղել ձերբակալվածի կարգավիճակում: Մեր պատկերացմամբ, որեւէ հիմք չկա որեւէ մեղադրանք առաջադրելու համար: Եվ կարծում ենք՝ մեր պատկերացումները շատ չեն տարբերվում նաեւ քննչական մարմնի պատկերացումներից»,- ասել է Ռուբեն Մելիքյանը:
Վարազդատ Հարությունյանը հավելել է. «Նախ նշեմ, որ նախաձեռնված քրեական վարույթը, որի հարուցումով ձերբակալել են Սուրեն Պետրոսյանին, վերաբերում է մի խումբ անձանց կողմից խուլիգանության, գույք ոչնչացնելու եւ ֆիզիկական ներգործության մասով: Սուրեն Պետրոսյանը մանրամասն ցուցմունք է տվել իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ: Եվ ցուցմունքով եւ օբյեկտիվ այլ ապացույցներով ամբողջությամբ հերքվել է Սուրեն Պետրոսյանի առնչությունը նկարագրված այդ երեք հանցադեպերին: Հանգիստ կարող եմ հրապարակել, որովհետեւ քննչական կոմիտեն այդ մասով պրես ռելիզ է տվել: Խոսքը վերաբերում է նրան, որ Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին ժողովուրդը փողոց է փակել, այնտեղ ինչ-որ ՈՒԱԶ մակնիշի մեքենա է մոտեցել, ինչ-որ քաշքշուք է եղել եւ այլն:
Կարդացեք նաև
Այդ երեք մասով էլ Սուրեն Պետրոսյանի առնչությունը հերքող եւ ցուցմունքներ կան եւ օբյեկտիվ ապացույցներ: Մասնավորապես, տեսաձայնագրություն:
Կիսում եմ պարոն Մելիքյանի կարծիքը, որ սխալմունք է եղել, նրա առնչությունը մատնանշող ոչ հավաստի տեղեկություններ են եղել: Ես նույնպես հույս եմ փայփայում, որ Սուրեն Պետրոսյանը 72 ժամը լրանալուց հետո կհայտնվի ազատության մեջ»,-ասաց փաստաբանը:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Հերթական օրինակներից է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու նրա ձերբակալումը: Ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկը չունի փաստական հիմքեր: Ակնհայտ է, որ նա կապ չունի իրեն վերագրվող հանցանքների հետ, իսկ ազատությունից զրկելն արհեստական է:
Սա այն դեպքերից է, որ երբ ձերբակալումն ու կալանքը չարաշահվում են` ի շահ իշխանության քաղաքական շահերի կամ նպատակների։ Ուստի, Սուրեն Պետրոսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ