Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իմ երկիրը շագրենի կաշու պես մետր առ մետր փոքրանում է, ու հազիվ թե Ադրբեջանը կանգ առնի՝ ինչ-որ անկապ թուղթ ստորագրելով. «Ազգ»

Ապրիլ 26,2024 11:04

Առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տավուշյան տարածքների հայելային վերադարձի՝ մեր անվտանգության երաշխիք-տարածքների վերադարձ է տեղի ունենում, սրա անունն ինչ է՝ կասե՞ք, սա սահմանազատո՞ւմ է, թե՞ անդամահատում: Ի՞նչ Ալմա-Աթայի հռչակագիր, ի՞նչ սովետական սահման, ո՞վ է իրավասու առանց հանրաքվեի, առանց ԱԺ-ում քվեարկությամբ հաստատված-երկրի ամբողջական սահմանագծման նախագծի առկայության՝ մի կետից սահման գծել, հազար սահմանագծման հանձնաժողով լինի: Սահմանադրություն ունենք, պետական սահմանի մասին օրենք ունենք, ինչ-որ անձեր կամ անձ ինքն իր խելքին կարո՞ղ է սահման որոշել կամ ձեռք-ձեռքի խփել հարեւան ոխերիմի հետ, պետությո՞ւն ենք, թե՞ սրա-նրա խաղալիքը:

Անկախ Հայաստանի մաս կազմող տարածքների հանձնման դեմ բողոքող մարդիկ՝ տավուշցիներն եւ ոչ տավուշցիները ո՛չ Ալիեւի կառուցողականությանն են հավատում, ո՛չ խոստացված խաղաղությանը, համարելով, որ առանց որեւէ երաշխիքի մեր անվտանգային տարածքների հանձնումը նման է թշնամու առաջ դուռը բացելուն: Ի՞նչ խաղաղություն, երբ ադրբեջանցիք կանգնելու են տասնհինգ մետր հեռու միայն Կիրանցի ու Ոսկեպարի հետ շփան գծից ու պարսատիկով էլ կարող են հայկական կողմ քար նետել:

Մի քանի օրից ընդամենը Ադրբեջանի սահմանապահ ուժերը, հետեւից էլ զորքը, մինչեւ ատամները զինված, իջնելու են ու կանգնեն բերաններս մտած նոր սահմանին, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո նրանք չեն հայտնվի Իջեւանում, ինչպես որ Ջերմուկում հայտնվեցին: Իմ երկիրը շագրենի կաշու պես մետր առ մետր փոքրանում է, ու հազիվ թե Ադրբեջանը կանգ առնի՝ ինչ-որ անկապ թուղթ ստորագրելով. նրա աղվեսային խոսքերին մի՛ խաբվեք: Արցախի հետ կատարվածի փորձը հո թարմ է, եթե պատմության մյուս համանման դրվագները մոռացել եք:

Տավուշից միակողմանի զիջումներով սահմանազատում անվանվածը դոմինոյի շարժով շարունակվելու է, Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, եւ դրա դեմ բողոքը լեգիտիմ է: Չնայած հազիվ թե բողոքը կասեցնի սկսված գործընթացը, բայց ինչ-որ բան կփոխի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930