ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր որոշեց մերժել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ երեկ ներկայացված միջնորդությունը:
«Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ, դեռ 2021 թվականից, շարունակելու է մնալ կալանավորված»,- այսօր վաղ առավոտյան ուղիղ եթերով հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա նկատեց՝ Ասլանյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության է ու նման դեպքերում հազարից մեկ է, որ կալանք է կիրառվում. «Շատ հազվադեպ, բայց որ անձն առանց դատական ակտի երկու եւ ավելի տարի մնա անազատության մեջ՝ դա արդեն հազարից մեկ էլ չէ, միլիոնից մեկ է պատահում»:
Ռուբեն Մելիքյանի խոսքով, Ասլանյանի պաշտպանները երեկ նախկին քաղաքապետին ազատ արձակվելու միջնորդություն ներկայացրին, քանի որ գործով 30 վկայի հարցաքննությունն ավարտվեց: Իրավապաշտպանը հիշեցրեց, որ դատարանի որոշմամբ՝ Ասլանյանը շարունակում էր մնալ անազատության մեջ, քանի որ դատարանը կարծում էր, որ Ասլանյանը, որպես նախկին քաղաքապետ, կարող է այդ վկաների վրա ազդեցություն ունենալ. «Բոլոր երեսուն վկաներին լսել են, ակնհայտ է, որ անազատության մեջ պահելու հիմքը վերացել է, մարդուն պետք է ազատ արձակեն, բայց չէ, դատարանը հիմա էլ որոշում է՝ եւս 7 վկա պետք է հարցաքննի, բայց այս հանգամանքը հիմք ընդունել, ասել՝ չէ հիմա էլ այս 7 վկայի վրա կարող է ազդեցություն թողնել, չեղավ, սա տպավորություն կարող է ստեղծել, որ այս 7 վկան ոչ թե ճշմարտությունը բացահայտելու համար հայտնվեցին դատական գործում, այլ որ արհեստական հիմք ստեղծվի Ասլանյանին անազատության մեջ պահելու համար »:
Կարդացեք նաև
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։ Գլխավոր ճարտարապետն անդամ շարունակում է պաշտոնավարել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ