Լրահոս
Օրվա լրահոսը

Երազանքն իրականացնելու ճանապարհին

Ապրիլ 26,2024 10:51

«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը

17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան:

Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին  և որոշել է տեղի ուսումնական կենտրոնում մի փոքրիկ աստղադիտարան ստեղծել:

Բյուրականի աստղադիտարան կատարած այցը, 2.6-մետրանոց աստղադիտակի աշխատանքին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաև աստղադիտարանի գործունեության պատմությունը որոշիչ են դարձնել Տիգրանի համար:

«Առաջին անգամ էի աստղադիտարանում,  շատ նոր գիտելիք ստացա: Ծանոթացա 2.6-մետրանոց դիտակի հետ ու ոգևորություն արթնացավ՝ շարունակելու իմ ընտրած ճանապարհը Հայաստանում: Մենք հնարավորություններ ունենք, և ինչ-որ մեկը պետք է լինի, որ օգտվի այդ հնարավորություններից», – ասել է Տիգրանը:

Նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև՝ համապատասխան հնարավորություն: Նման հնարավորություն Տիգրանն ստացել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջատար ընկերությունների փորձը և ստանալու ստարտափ հիմնելու վերաբերյալ գիտելիք:

Ծրագրին մասնակցության առաջին փուլի շրջանակում Տիգրանն արդեն հասցրել է շփվել բազմամյա փորձ և Հայաստանում զգալի հաջողության հասած տարբեր ընկերությունների և հիմնադրամների ղեկավարների հետ: Երկրորդ փուլով նախատեսվում են աշխատարաններ, որտեղ ուսուցումը կիրականացվի մենթորների հետ: Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերում և կկարողանան իրենց գաղափարները ներկայացնել քննարկման՝ իրականացման հեռանկարները գնահատելու համար:

«Ծրագիրը փոխելու է իմ կյանքը։ Այլևս առաջվա նման չի լինելու: Պարտության դեպքում սխալների հիման վրա նորը կսովորեմ: Իսկ հաղթանակի դեպքում դպրոցս հպարտանալու առիթ կունենա», – ասել է Տիգրանը:

Աշխատարաններում մշակված և լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 000 000 դրամ է։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930