Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնախավը պետք է վերափոխվի եւ միավորվի

Ապրիլ 26,2024 10:00

Եթե ինձ հարցնեք, թե ո՞ր կերպարն է ինձ համար «դերակատարային մոդելի» դեր խաղում, ապա մի քանի մարդկանց շարքում ես կնշեի Սերգեյ Ավերինցեւին՝ խորհրդային շրջանի ակադեմիկոս, բանասեր, աստվածաբան, բանաստեղծ, ի դեպ՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված հրաշալի հոդվածի հեղինակ: Նա նաեւ 1989-90 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր, աշխատում էր «Խղճի ազատության մասին» առաջին ժողովրդավարական օրենքի վրա:

Բայց իր գերեզմանաքարի վրա նա կտակել էր, գրել ոչ թե իր բազմաթիվ գիտական ու այլ կոչումները, այլ ընդամենը մի բառ՝ «քարոզիչ» (чтец): Բանն այն է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Ավերինցեւին համապատասխան կարգ շնորհելով, նրան իրավունք է տվել Սբ. Պատարագի ժամանակ հանդես գալ քարոզով: Այդ քարոզների մի մասի տեսագրությունները պահպանվել են. դրանք, կարելի է ասել, դասախոսություններ են՝ գրական, պատմական, փիլիսոփայական բազմաթիվ զուգահեռներով, որտեղ գիտնականը ցուցադրում է իր անսահման իրազեկությունը: Նախանձելի ճակատագիր է եւ տապանաքարի վրա գրված նախանձելի մակագրություն:

Այդ ամենը ես հիշեցի եկեղեցի-իշխանություն, եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն հարաբերությունների մասին այսօրվա բուռն բանավեճերի հետ կապված: Այստեղ որոշ հարցեր կարգավորված են օրենքով (Սահմանադրությամբ), որը բոլորս պարտավոր ենք կատարել անկախ մեր վերաբերմունքից՝ «Կեսարինը՝ Կեսարին, Աստծունը՝ Աստծուն»:

Այն, ինչ չի կարող կարգավորվել օրենքով, դա հասարակության արժեքային համակարգն է: Այլասերումը, որն ակնհայտ է, եւ որը բոլորը ցավով արձանագրում են, պայմանավորված է բազմաթիվ գործոններով, բայց ոչ վերջին հերթին՝ հոգեւոր եւ աշխարհիկ վերնախավերի 30 տարվա կեցվածքով: Լուծումը ես տեսնում եմ երկուսի վերափոխման (ինքնամաքրման, ինքնակատարելագործման) եւ միասնության մեջ: Այդ միասնությունն ինձ համար մարմնավորում են Ավերինցեւի նման մարդիկ, որոնք կային եւ կան բոլոր երկրներում, նաեւ՝ Հայաստանում:

…«Ես լավ եմ ապրում, որովհետեւ խելացի եմ, իսկ դուք վատ եք ապրում, որովհետեւ հիմար եք»: Սա է այսօրվա մեծահարուստների աշխարհայացքի բուն էությունը («քվինտէսենցիան»): Նրանք մեղավոր չեն: Միլիոնավոր (եթե ոչ միլիարդավոր) մարդկանց համոզմամբ, «լավ ապրելը» կապված է առատ ուտելիքի, շքեղ մեքենայի, հսկայական դղյակի հետ:

Նրանք չեն կարդացել «Անմիտ հարուստի» առակը: Կամ՝ եթե նույնիսկ կարդացել են, չեն հասկացել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սուրբ հոգեպես չափահաս մարդիկ միակ սուբյեկտ ճանաչում են Արարչին, իսկ հոգեպես անչափահասներս սուրբ չենք, որովհետեւ սուբյեկտ ենք համարում նախագահներին, վարչապետներին, պոլի փեդերին, պոլի շորերին եւ աղբաջրերին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930