Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն

Ապրիլ 26,2024 11:30

Սա նվիրական վայր է բոլոր հայերի համար

Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60- ամյակը, եւ ուրախալի է, որ թանգարանի՝ միջոցառումների համար նախատեսված ցուցասրահն արդեն արդիականացվում է:

«2023թ. մեր թանգարանը մասնակցեց ՀԲԸՄ եւ Creative Armenia-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրին, ունեցանք 8-շաբաթյա դասընթացներ, որի արդյունքում պիտի որոշվեին դրամաշնորհ ստանալու հնարավորությունները: Հուրախություն մեզ՝ մեր ծրագիրը հավանության արժանացավ եւ մասնակի աջակցվեց: Ներկա պահին մենք այդ աջակցության շնորհիվ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների կամ միջոցառումների համար նախատեսված ցուցասրահը փորձում ենք արդիականացնել, համապատասխանեցնել թանգարանագիտական պահանջներին: Արդեն արվել է օդափոխության համակարգի ներդրումը, լուսավորությունը, ընթացքում են այն աշխատանքները, որոնք ենթադրում են ցուցադրության կազմակերպում»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը: Նրա խոսքով, դրամաշնորհի շնորհիվ ստացած աջակցությունը մեծ ներդրում էր թանգարանի այդ հատվածի համար, որովհետեւ այն հետագայում կծառայի տարբեր յուրատեսակ ծրագրերի իրականացմանը:

Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել:

«Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964թ., բայց բացվել է 11 տարի հետո: Դա հայաստանյան թանգարանային համայնքում եզակի երեւույթ է, որովհետեւ, սովորաբար, երբ հիմնադրվում են թանգարանները, ամենաշատը 5 տարի հետո բաց են լինում այցելության համար: Սակայն, Չարենցի տուն-թանգարանը, ինչպես արդեն ասացի, բացվել է հիմնադրումից 11 տարի անց: Այս տարի լրանում է թանգարանի հիմնադրման 60-ամյակը, իսկ հաջորդ տարի կնշենք բացման 50-ամյակը:

Ցուցանմուշներ թանգարանից

Թանգարանի առանձնահատկությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ սա Եղիշե Չարենցի գրական ժառանգության պահպանման եւ տարածման առանձնահատուկ կենտրոն է, նաեւ տուն-թանգարանում գտնվում է Չարենցի տունը, բանաստեղծի հոգին, շունչն է այստեղ, որն ավելի զգացական տպավորություններ է թողնում մեր այցելուների մոտ: Տունը պահպանվել է այնպես, ինչպես իր կենդանության օրոք էր, չնայած ընդամենը 1935-37 թվականներին է այստեղ  ապրել Չարենցը»,-հավելեց մեր զրուցակիցը: Ասաց, որ թանգարանը տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս՝ սկսած հրատարակություններից մինչեւ զանազան կրթական ծրագրեր, որոնք առաջարկվում են հասարակության տարբեր խմբերի:

Չարենցի բնակարանը

«Թանգարանի համալրման աշխատանքը երեւի թե ամենակարեւոր գործառույթներից մեկն է, որովհետեւ հենց այս կենտրոնն է, որ պետք է ունենա Չարենցի հետ առնչվող յուրաքանչյուր իր: Վերջին ձեռքբերումներից էին բանաստեղծի ձեռագրերը, որոնք մեզ նվիրեցին Չարենցի ընտանիքի անդամները, այնուհետեւ ունեցանք նաեւ Հրաչյա Ռուխկյանի հեղինակած Չարենցի դիմանկարը, որը նվիրեց թանգարանի բարեկամներից մեկը: Ներկայում փորձում ենք տարբեր ճանապարհներով գտնել այն մարդկանց, որոնք կնվիրեն կամ եթե հնարավոր է՝ վաճառեն Չարենցի հետ առնչվող ցանկացած իր, որովհետեւ թանգարանը պատրաստ է գնման եղանակով ձեռք բերել եւ իր ֆոնդում ունենալու Չարեցի հետ առնչվող ցանկացած մասունք՝ իհարկե առաջնային տեղ տալով նրա ձեռագրերին»,-նշեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը

Ժաննա Մանուկյանը հիշեցրեց, որ արդեն լույս է տեսել բանաստեղծի երկերի ժողովածուի ակադեմիական հրատարակության առաջին հատորը, այս տարի կլինի երկրորդ հատորը, նախատեսվում է 13 հատորով ավարտել երկերի ժողովածուն: Ընդգծեց, որ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, «Անտարեսի» եւ թանգարանի համագործակցության արդյունքում է տեղի ունենում կարեւորագույն այս իրադարձությունը:

Հավելեց, որ թանգարանը ոչ միայն տարբեր ծրագրեր է առաջարկում դպրոցականներին, այլեւ փորձում է  Չարենցի անունը լսելի դարձնել նախադպրոցական տարիքի երեխաների համար եւս: Ի դեպ, մեր այցելության պահին, 4-5 տարեկան այցելուներ էին թանգարանում: «Չարենցի տուն-թանգարանը ոչ միայն պետք է ներկայացնի Չարենցի գրական ժառանգությունը, այլեւ ձեւավորի թանգարանային մշակույթ, տա մշակութային դաստիարակություն, իսկ դա կարող ենք անել նաեւ թանգարանում պահվող նմուշների ցուցադրության, ներկայացման, աշխատակիցների խոսքի, հետաքրքիր ծրագրերի գրավչության միջոցով: Թանգարանը նորագույն տեխնոլոգիաներով է հագեցած, ունենք Չարենցի հոլոգրաֆիկ պատկերը: Գիտեք, որ, ցավոք, Չարենցից ոչ մի տեսանյութ չի պահպանվել, բայց  մենք փորձել ենք այդ դժվարին փուլը հաղթահարել եւ լուսանկարների միջոցով վերարտադրել, ունենալ նրա հոլոգրաֆիկ պատկերը, «Առլուպա» հավելվածը եւս օգտագործում ենք»,-հայտնեց Ժաննա Մանուկյանը:

Գոհար Չարենց

Եղիշե Չարենցի թոռնուհու՝ թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցի խոսքով. «Այս թանգարանը նվիրական վայր է բոլոր հայերի համար, այստեղ են գալիս անգամ 4-5 տարեկան երեխաներ, տատիկներ, պապիկներ՝ թոռնիկների հետ, դպրոցականներ, բնականաբար՝ շատ զբոսաշրջիկներ, որոնք կարդացել են Չարենց, հետաքրքրված են: Մենք զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ ենք կազմակերպում ֆրանսերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով: Իրենք հիացած են հեռանում այստեղից եւ բնականաբար վերադառնում են…

Վերեւում պապիկիս բնակարանն է, որտեղ ինքն ապրել է կյանքի վերջին տարիներին, երեխաներին ամենաշատը դա է հետաքրքրում: Մի անգամ մի փոքրիկ այցելու, երբ ներս մտավ, ասաց՝ մեր ոտքը խերով լինի: Մարմինս փշաքաղվեց կարծես, մարդիկ անկախ տարիքից այդ վայրում շատ հետաքրքիր զգացողություններ են ունենում, դա շատ հուզիչ է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
26.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930